Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» անդամները ստացել են փափուկ հյուսվածքների, ոսկորների վնասվածքներ (տեսանյութ)

Քաղաքականություն
hiv

Գիշերը ոստիկանական կրակից ոտքերից վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ նկարիչ Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի  առողջական  վիճակը  գնահատվում է միջին ծանրության: «Վիճակը կայուն է, երկուսն էլ գիտակից են, կատարվում է սովորական ինտենսիվ թերապիա, ցավազրկում, հեղուկներ»,- լրագրողներին տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական  ու թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը: Նրա խոսքերով՝  իրենց մոտ տեղափոխված  Աշոտ Պետրոսյանը ստացել է զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային վիրավորումներ եւ աջ ազդոսկրի կոտրվածք, իսկ  29-ամյա Հովհաննես  Հարությունյանը  աջ ազդոսկրի կույր գնդակային վիրավորում եւ աջ սրունքի միջանցիկ գնդակային վիրավորում՝ սրունքի ոսկրերի կոտրվածքով: Բժիշկը նաեւ տեղեկացրեց, որ անհապաղ կազմակերպվել են  բոլոր ախտորոշիչ միջոցառումները՝ այդ թվում բազմաօրգանային ԿՏ հետազոտություն, առաջին օգնություն  է ցուցաբերվել  եւ տեղափոխվել է վիրասրահ, որտեղ կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, որից հետո նորից տուժածները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Հարություն Մանգոյանը դժվարանում է ասել, թե   հետվիրահատական շրջանը  ինչքան կտեւի, բայց վերակենդանացման փուլը  շատ չի երկարի, որովհետեւ տուժածների  վիճակը միջին ծանրության է եւ վերահսկելի: «Կոտրվածքն առաջացել է հրազենային վիրավորման հետեւանքով՝ կա ոչ միայն փափուկ հյուսվածքների վնասվածք, այլ նաեւ ոսկորների»,- նշեց բժիշկը: Ի դեպ, նախապես  հարազատները հայտարարել էին, որ փաստաբանները հրաժարվել են իրավաբանական օգնություն ցուցաբերել տուժածներին:  Ավելի  ուշ հայտնի դարձավ, որ նրանց շահերը կպաշտպանի  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը: