Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդկային հաշվարկով՝ տղաների վիճակն ավելի վատ է». հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
hogeban-2

«Իհարկե, հումանիստական չէ, որ տղաներին զրկել են սննդից եւ լույսից, բայց ի սկզբանե խաղի կանոնները տղաների կողմից եղել են ոչ հումանիստական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբին` ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Նրա խոսքով՝ իշխանություններն այդ կերպ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել ապստամբների վրա.  «Զրկել նրանց կենսական անհրաժեշտ բաներից, դա լուրջ հոգեբանական ճնշում է իրենց վրա՝ չհաշված, որ տղաները գտնվում են փակ տարածքում: Նման պարագայում, բնականաբար, ինչ-որ հուսահատ քայլեր պետք է լինեն»,-ասաց հոգեբանը՝ նշելով, որ այդպիսի քայլ է, օրինակ, մեքենա այրելը: Նրա խոսքով, սակայն, դա ոչ սթափ մտածող մարդու արարք է. «Այս իրավիճակում ոչ ոք չի կարող լինել հավասարակշռված՝ ոչ ոստիկանները, ոչ էլ տղաները: Մարդկային հաշվարկով՝ տղաների վիճակն ավելի վատ է, նրանք ավելի նյարդային են»: Հոգեբանի խոսքով՝ մեծ խնդիր է այն, որ մինչեւ հիմա շարժման լիդեր չկա, իսկ եթե չկա լիդեր, ապա շարժումը դատապարտված է տապալման. «Այս ամբողջ ընթացքում ժողովուրդը ոչ մի լիդեր չընդունեց: Կամայական անձը, որը փորձեց լիդերի դեր ստանձնել, վտարվեց: Ոչ ներսում գտնվող տղաները ունեն լիդեր, դա երեւաց մամուլի ասուլիսի ժամանակ, եւ ոչ էլ ոստիկանությունն ունի, չկա այն մեկը, որը կփորձի իշխանության խոսքն ասել, կարծիք արտահայտել»,-ասաց նա: Ասուլիսին ներկա՝ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն էլ գտնում է, որ պետք չէ այդքան  շատ քննարկել այս թեման, որպեսզի հասարակությունն ավելի չգրգռվի։ Նա նաեւ, որպես մտավորական,  չի ցանկանում մասնակցել որեւէ գործընթացի. «Դրա համար կան համապատասխան պրոֆեսիոնալ մարդիկ, որ պետք է լուծեն այդ հարցը: Մեր երկրի վատն այն է, որ շատերն իրենց տեղում չեն: Ես չեմ ուզենա, որ նկարիչ մարդը զբաղվի նրանով, որի անհրաժեշտությունը չկա»: