Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հուսամ՝ Վալերի Օսիպյանը վրեժխնդրությամբ լցված չի լինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
elinar

Ոստիկանական գործողությունները  վերջին օրերին  ուղեկցվում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Էլինար Վարդանյանն՝ ավելացնելով. «Եթե նախկինում շատ ավելի հեշտ էր աշխատել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ապա վերջին օրերին նրանք կարծես թե խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու որոշակի բացատրություններ տալ: Ես ենթադրում եմ, որ իրավիճակն այնքան լարված է, որ որեւէ մեկն իր վրա որեւէ պատասխանատվություն չի ուզում վերցնել»: Նա թերահավատորեն է վերաբերում ոստիկանության կողմից իրականացվող քննության արդյունքներին եւ կոչ է անում՝ դրսեւորել քաղաքական կամք եւ  ձերբակալվածներին ազատ արձակել. «Շատ կարեւոր խնդիր է, որ ոստիկանությունը նախ եւ առաջ կարողանա հերքել, որ այդ բախումների հրահրողները իրենց հետ որեւէ  կապ չեն ունեցել եւ նոր միայն անցնեն ձերբակալված, կալանավորված քաղաքացիներին պատասխանատվության հարցը քննարկելուն»:  Ընդամենը 2 օր առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատանդի կարգավիճակում էր: Ազատ արձակվելու հաջորդ օրը նա արդեն ոստիկանական համազգեստով էր: Արդյոք սա մարդու իրավունքների խախտում չէ՞ թե փոխոստիկանապետի, թե Խորենացի փողոցում հավաքվածների նկատմամբ. «Եթե նրա նկատմամբ վերաբերմունքն այնտեղ լիներ մի փոքր մտահոգիչ, սա կարող է շատ վտանգավոր լինել: Ես հուսամ, որ նա վրեժխնդրությամբ լցված չպետք է լինի: Որպես խմբի տղաների վերաբերմունքի ադեկվատ արդյունք՝ պետք է լինի նաեւ նրա ադեկվատ վերաբերմունքը»: Արդյոք չի՞ խախտվում նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների մարդու իրավունքները, երբ չի լուծվում սննդի հարցը,  ժամանակ առ ժամանակ անջատում են էլեկտրաէներգիան եւ կապը. «Յուրաքանչյուր երեկո այնտեղ հազարավոր մարդիկ են հավաքվում՝ ի պաշտպանություն խմբի տղաների եւ արդյոք ոստիկանությունը ճի՞շտ է հաշվարկել իր քայլերը: Սննդից զրկելով ճանապարհով հարցին լուծում տալ, ես կարծում եմ, որ շատ վտանգավոր է»:  Ըստ նրա՝ ով  հանձն առնի  սննդի հարցը կարգավորելու առաքելությունը, երկու կողմի համար ընդունելի անձ պետք է լինի։