Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացիական անհնազանդություն՝ իշխանությունները հրաժարական կտան» (տեսանյութ)

Հասարակություն
hogeban-1

Քաղաքացիական պատերազմ Հայաստանում բացառվում է, եթե նույնիսկ  հասարակությունը տարակարծիք լինի բոլոր հարցերում. «Բացառվում է  հենց միայն նրա համար , որ ռազմաճակատի գիծ չի կարող լինել, խմբավորումները չեն կարող բանակներ ստեղծել, եւ կարեւորը՝ Հայաստանում զինարտադրություն չկա, այնպես որ, քաղաքացիական բախումներից այն կողմ ոչինչ չի լինի»,- կարծում է կրոնագետ Վարդան Խաչատրյանը: «Սասնա Ծռեր» խմբավորման քայլից հետո, մարդիկ կրկին փողոց դուրս եկան, մեծ մասն ի պաշտպանություն  խմբի՝ իշխանափոխության  պահանջների։  Հոգեբան Ռուբեն Պողոսյանի կարծիքով՝  փոփոխությունների սպասելիքը  մեծ չէ, քանի որ  քաղաքացիական գիտակցման հասունացում չկա. «Ես կարծում եմ, որ գնալով կմարի, բայց եթե առաջանար քաղաքացիական անհնազանդություն եւ Հայաստանը կոլապսի ենթարկվեր,  իշխանությունները չիմանալով ում կառավարել՝ հրաժարական կտային»: Հոգեբանը ցավով է նշում՝ մարդիկ այսօր այնքան են հիասթափվել, որ որպես պայքարի միջոց ընտրել են վատագույն տարբերակը. «Տարիների ընթացքում ժողովրդի մոտ առաջացել է  քաղաքական դեպրեսիա: Երբ շատ ծանր է լինում վիճակը եւ ժողովուրդը տեսնում է, որ իշխանությունները ոչնչով չեն օգնում, իրենց ընդվզումը, բողոքը երկրից գնալով են ցույց տալիս: Ընդվզելու փոխարեն, մարդիկ այս ծայրահեղ քայլին են գնում միայնակ մնալու արդյունքում. «Ունենք բզկտված, ֆունկցիոնալ ցած իջած ընդդիմություն, որը չի ուզում դեր ստանձնել, երբ կա դրա անհրաժեշտությունը, որովհետեւ դա միայն կարող է մարդկանց դուրս բերել ճգնաժամից»,- ասում Վարդան Խաչատրյանը: Հենց սա է, ըստ բանախոսների, պատճառը, որ ազատամարտիկներն են հայտնվել իշխանափոխություն պահանջող առաջնորդի կարգավիճակում։