Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստեղծված իրավիճակից օգուտ են քաղում նաեւ իշխանությունները» (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxtexnolog

«Ի սկզբանե ապստամբների մոտ ստրատեգիական առումով նպատակ կար զինված ապստամբությունը վերածել հեղափոխական շարժման»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» տղաները մտադիր են եղել ստեղծել գերլարվածության մի օջախ, որի շուրջ կծավալվեին այլ գործողություններ, իսկ զուգահեռ կստեղծվեին կազմակերպչական կառույցներ, որոնք կուղղորդեին շարժումը ՊՊԾ շենքի պատերից դուրս: «Ապստամբների հույսը այն ահռելի բողոքական զանգվածն է, որը կա Հայաստանում եւ որն ավելի շատացավ ապրիլյան պատերազմից հետո»,-նշեց մասնագետը՝ հավելելով, որ, ըստ էության, տղաների արարքի եւ պահանջների հիմքում ղարաբաղյան հարցն է. «Վիտալի Բալասանյանն իր երեկվա հայտարարության մեջ ուղղակիորեն ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանին ամենաշատը հետաքրքրում են ազգային նշանակության խնդիրների շուրջ բանակցությունները: Նա ուղղակիորեն հայտնեց, որ եթե վայր են դրվում զենքերը, ապա այդ խնդիրների շուրջ Սեֆիլյանի հետ սկսվում են բանակցությունները»: Վիգեն Հակոբյանը նշեց նաեւ, որ ստեղծված իրավիճակից օգտվում են նաեւ իշխանությունները, սակայն, արդեն արտաքին քաղաքականության մեջ. «Կարծես, փորձում է դրսին հասկացնել, որ նման իրավիճակում, երբ երկրում գերանկայուն իրավիճակ է, երբ ապստամբները եւ ժողովուրդը ըմբոստանում է  Մադրիդյան սկզբունքների դեմ, նման պայմաններում հնարավոր չէ լուրջ հարցեր լուծել Ղարաբաղի մասով»: Ի դեպ, ասուլիսին պետք է ներկա լիներ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը, սակայն նա զանգահարեց եւ հայտնեց, որ նիստում որոշել են առայժմ որեւէ մեկնաբանություն չանել: