Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Երևանում. մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն 

Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի  սպանության դեպքի առթիվ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն: 2016 թվականի հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ. Թումասյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա. Թումասյանը, վայր է ընկել, որի հետևանքով  ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. Դատաբժշկի կողմից դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր՝ ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի եւ պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք եւ այլ վնասվածքներ: Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Թումասյանի հետ տանը կենցաղային հարցերի շուրջ  վիճաբանել է որդին, որի ընթացքում էլ նրան պատճառվել են կյանքի հետ  անհամատեղելի վնասվածքներ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև արյունոտ հողաթափեր, որոնք պատկանել են Վ.Թումասյանին: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Վ.Թումասյանին հուլիսի 25-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։ Նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին