Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունն ամփոփում է կատարվածը

Կարևոր լուրեր Պաշտոնական
xorenatsi1-1

Ոստիկանության հայտարարությունը Հուլիսի 17-ի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք գործեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրին ոստիկանության ծառայողների: Զինված հարձակման ընթացքում զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, եղան  վիրավորներ: Հետո հարձակման մասնակիցները ելան դուրս ու սկսեցին կրակել փողոցի ողջ երկայնքով: Դարձյալ ոստիկաններ վիրավորվեցին: Բարեբախտաբար՝ քաղաքացիական ոչ մի անձ չտուժեց: Սակայն համաքաղաքացիների անվտանգությունը հարձակվողներին չէր հուզում. նրանք պատանդների դիմաց պահանջում էին ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Միաժամանակ նրանց կողմնակիցները  ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: Զինված անձանց հետ բանակցություններ սկսվեցին՝ իրավապահներին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Նույն օրը, ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումներն  ազատ արձակեցին երկու պատանդի: Ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը շարունակում էր անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողներին, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին: Իրավապահներն ունեին բոլոր միջոցները՝ ազատելու գնդի տարածքը, սակայն զոհերից խուսափելու նպատակով հետաձգում էին ու հետաձգում են նման հանգուցալուծումը՝ հարձակում կատարածներին համոզելով զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Հուլիսի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվեց ազատ արձակել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության ևս մեկ ծառայողի, ինչպես և մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում էր ազատ արձակել բռնությամբ պահվող մյուս անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին: Օրվա ընթացքում գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվեցին սնունդով և անհրաժեշտ դեղորայքով: Համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների  արդյունքում դուրս բերվեց ևս մեկ պատանդ: Հուլիսի 19-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում էին ինտենսիվ  բանակցությունները զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: Արվում էր հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արնահեղությունից հետ պահելու համար: Հուլիսի 20-ի ուշ երեկոյան ՊՊԾ գնդի հարակից տարածքում հավաքված մի խումբ առանձնապես ագրեսիվ ցուցարարներ հարձակում գործեցին արգելապատնեշում կանգնած ոստիկանականական շղթայի վրա ու բախումներ հրահրեցին: Ոստիկանությունը հասարակական կարգը վերականգնելու նպատակով հարկադրված էր դիմել հատուկ միջոցների կիրառման: Իրավիճակը լիցքաթափվեց, երկուստեք վնասվածքներ ստացածները տեղափոխվեցին բուժհիմնարկներ: Հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարաություն տարածեց, որ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և շարունակում են օժանդակել նախապատրաստվող հանցագործություններին: Վերջին օրերին զինված խմբի և իրավապահ մարմինների միջև միջնորդական առաքելություն ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի բանակցությունների շնորհիվ ՊՊԾ գնդի տարածքում պահվող բոլոր պատանդները հուլիսի 23-ին ազատ արձակվեցին: Դրա դիմաց խումբը պահանջում էր լրատվական կետ գործարկել գնդի տարածքում, ինչը արվեց պայմանավորված ժամկետին: Եվ հանրությունը առաջին անգամ տեսավ՝ ինչ է կատարվում ՊՊԾ գնդում և ովքեր են կատարում: Ականատես եղանք պայմանավորվածությունների խախտումների՝ խմբի անդամները, չնայած խոստմանը, զենքի ցուցադրեցին, ոչ ադեկվատ պահվածք դրսևորեցին, անկանոն կրակոցներ արձակեցին՝ վտանգելով քաղաքացիների կյանքը… Զինված խմբի համակիրների և զարմանալի անպատասխանատվություն դրսևորող մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խմբի անդամները Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, փորձառու և վաստակաշատ մարտիկներ: Երեկվա առաջին իսկ ուղիղ շփումից հետո, սակայն, հայտնի դարձավ, որ բնավ այդպես չէ: Զինված ուժերում ծառայել ու Ազատամարտին մասնակցել են միայն 10-ը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են՝ վարորդ, շինարար, թիթեղագործ, նարկոդիսպանսերում գրանցված քրոնիկ ալկոհոլիկ, թմրամոլության հակում ունեցող, մշտական աշխատանք չունեցողներ, տարբեր հիվանդությունների պատճառով, ընդհուպ <նյարդային հիվանդություն> հոդվածով  զինծառայությունից ազատվածներ, նախկինում դատապարտված անձինք, մարդիկ, որ, իրենց ասելով, պայքարում են Ղարաբաղի համար, բայց Ղարաբաղի տեղը չգիտեն… Հայրենիքի և հանրության հոգսերով մտահոգ ներկայացող ների ահա այսպիսի խայտաբղետ կազմավորում, որոնց իրական նպատակներն ու խնդիրները, դրդապատճառներն ու գաղտնի լծակները լիովին կբացահայտվեն, երբ իրավիճակը վերջնականապես հանգուցալուծվի: Իսկ մինչ այդ հասարակությունը պետք է անուն առ անուն ճանաչի նրանց, ովքեր զինված ներխուժելով ՊՊԾ գնդի տարածք՝ արդեն մեկ շաբաթից ավելի լարվածության մեջ են պահում հանրապետությունը, վտանգում մարդկանց կյանքը: