Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց կոալիցիան պահանջ է ներկայացնում

Քաղաքականություն
ani

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը Սույն թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու գործողությանը հետևեցին բողոքի ակցիաներ Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև Խորենացու փողոցում, որտեղ իսկ տեղակայված է ՊՊԾ գունդը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների և նրանց կողմից առաջ քաշված պահանջների, այն է՝ ՀՀ նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Նույն օրը և դրան հաջորդող հավաքների ժամանակ ՀՀ ոստիկանությունը՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործի է դրել իր ավանդական վայրագ, բռնի և սադրիչ գործողությունները` խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, բնակչության հանդեպ: Առաջին իսկ օրը  Երևանի «Ազատության» հրապարակում՝ առանց իրավական հիմնավորումների, զանգվածաբար բերման են ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, ընդ որում,  գործողությունները զուգորդված են եղել բռնությամբ, քաշքշուկներով, հայհոյանքներով, անմարդկային վերաբերմունքով՝ այդ թվում նաև կանանց նկատմամբ: Հատկապես վերջին  օրերի ընթացքում ՀՀ  ոստիկանությունը զինված է եղել և  հուլիսի 20-ին Երևանի Խորենացու փողոցում խաղաղ հավաքի մասնակիցների միջև ծագած բախման ընթացքում, առանց նախապես զգուշացնելու, կիրառել է արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այլ միջոցներ: Արդյունքում եղել են բազմաթիվ տուժածներ, այդ թվում նաև ոստիկաններ, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ և հիվանդանոցներ: ՀՀ ոստիկանությունը, իր գործելակերպի համաձայն, այդ վայրագություններին մասնակից է դարձնում նաև քաղաքացիական համազգեստով ոստիկանների, որոնք որևէ տարբերանշան չեն կրում իրենց հագուստին: Այնուհետև, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայողները այցելում են  նաև ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների բնակարաններ, խուզարկում, ահաբեկում կանանց և երեխաներին, ընտանիքի այլ անդամների, սպառնում ձերբակալությամբ և այլ գործողություններով: «Սասնա ծռեր» խմբի անդամների կանայք և աղջիկները հետապնդման ու բռնությունների են  ենթարկվել Երևանի «Ազատության» հրապարակում և Խորենացի փողոցում տեղի ունեցող խաղաղ հանրահավաքների ժամանակ: Նրանցից ոմանք ոստիկանների կողմից բռնի ուժով բերման են  ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, առանց համապատասխան փաստաթղթի և պահվել երեքից ավելի ժամ, որտեղ ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի ու ծաղրանքի: Ամենազավեշտալին այն է, որ ս. թ. հուլիսի 22-ին ՀՔԾ որոշմամբ բերման է ենթարկվել նաև քաղաքացիական ակտիվիստ, մշակույթի գործիչ Անի Նավասարդյանը, ով եղել է խաղաղ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը: Ավելի ուշ նա կրկին բերման է ենթարկվել իր բնակության վայրի բակային տարածքից և ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով: Բազմաթիվ առցանց և այլ տեսանյութերից երևում է, որ Անի  Նավասարդյանը պատմում է իր հետ կատարվածը, որ իր մարմնի վրա ունի նաև կապտուկներ և վնասվածքներ, և ըստ նրա սոցիալական ցանցում կատարված գրառման՝ մյուս քաղաքացիների հետ միասին բռնության է ենթարկվել ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելու ճանապարհին: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խիստ մտահոգված է և դատապարտում է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայողների այս ապօրինի գործելաոճը, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Փաստացի, ՀՀ ոստիկանության բոլոր մարմինների գործողություններն ուղեկցվում են բռնություններով, սպառնալիքներով, ունեն քաղաքական ենթատեքստ և միտված են հանրության, մասնավորապես կանանց և աղջիկների շրջանում վախի և սարսափի մթնոլորտ ստեղծելով սահմանափակել նրանց   խաղաղ հավաքներին ու ակցիաներին մասնակցելու, հրապարակային ելույթներ ունենալու և կարծիքներ հայտնելու իրավունքը: Մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը և այս մի քանի օրերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներն անհապաղ ազատ արձակվեն և նրա, ինչպես նաև այլ քաղաքացիների նկատմամբ բռնություններ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերած ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության և հեռացվեն համակարգի: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», ներառյալ՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ Հայտարարությանը միանում են՝ «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ 50/50 քաղաքացիական նախաձեռնություն