Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանի պատասխանը «Սասնա ծռերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-5

Խորենացի փողոցում այս պահին, ինչպես երեկ իր ելույթի մեջ հայտարարել էր ՔՊ կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կամարտահայտության ժամ է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավաքվածների հետ ունենալու է ծանր խոսակցություն. «Պիտի զինվենք համբերությամբ ու մինչեւ վերջ լսենք: Վիտալի Բալասանյանն այսօր ասել է, որ ինքը կես ժամ առաջ խոսել է Ժիրայր Սեֆիլյանի հետ ու կարող  է պաշտոնապես հայտարարել, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Ես չեմ ուզում հավատալ միջնորդավորված այս հայտարարությանը եւ հույս ունեմ, որ Ժիրայր Սեֆիլյանը կգտնի պարզաբանում տալու հնարավորություն: Անձամբ ինձ համար այս հայտարարությունը նման է մղձավանջի, եթե Աստված մի արասցե, սա հաստատվի: Սա կլինի երկրորդ անգամը, որ որեւէ քաղաքական ուժ ինձ փորձում է համոզել, ապացուցել միանալ Սերժ Սարգսյանի հրաժարականի պայքարին, իսկ մենք, վերաբերելով զգուշավորությամբ, որոշակի մտահոգություններ ունենալով, ինչքանով է այդ պահանջն այդ ձեւի մեջ անկեղծ, այնուամենայնիվ որոշում ենք քայլ կատարել՝ այն լրջացնելու համար: Սակայն վճառական պահին այդ ուժը հրաժարվում է իր կեցվածքից»: Նրա խոսքերով՝ նման մի բան պատահեց ոչ իշխանական եռյակի պարագայում. «Երբ ամիսներ շարունակ մենք պայքարում ենք Սերժ Սարգսյանի իշխանության հեռացման համար՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, («Ժառանգության» անունը չտվեց-խմբ.) ինձ ասում են՝  բա, դու ինչո՞ւ չես միանում: Մենք ասում ենք՝ պաշտոնապես, երբ հայտարարեք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեք, մենք կմիանանք: Ես ԱԺ-ում հանդես եկա Սերժ Սարգսյանի իմպիչմենտի առաջարկությամբ, իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ»: Այդ պահին Հիմնադիր խորհրդարանի անդամ  Ալեք Ենիգոմշյանը  ինչ-որ բան ասաց. «Պարոն Ենիգոմշյան, խոսքս ավարտեմ, ձեզ ձայն կտամ: Ես ոչ միայն իմ ձայնն եմ փոխանցելու, այլ այսօրվա գործընթացներից հետո հարթակային բոլոր լիազորություններս հանձնելու եմ Ենիգոմշյանին ու մյուս նախաձեռնող խմբին: Ասում են՝ անձնական PR-ով եմ զբաղված այստեղ եւ սեփականացրել եմ գործընթացը: Ես ու ՔՊ-ն իջնելու ենք հարթակից ու մասնակցելու են՝ որպես հավաքի մասնակիցներ»։ «Ես կողմ չեմ, որ տոն են տալիս հարբածներին, քֆուրչիներին, սեռական բնույթի հայհոյանքներ հոգեւորականների հասցեին: Բանը հասել է նրան, որ իմ սիրելի Վարուժան Ավետիսյանն ուղիղ եթերում ասում է, որ Նիկոլ Փաշինյանը արյան վրա իր ձեռքերն է տաքացնում:  Դա ինձ համար վիրավորական է»,- ասաց նա՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարվել իրենց սկզբունքներից։