Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից» (տեսանյութ)

Քաղաքականություն
balasanyan

Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանն այսօր Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զինված խմբի հանդիպմանը վստահություն հայտնեց, որ ամեն ինչ խաղաղ է անցնելու. «Ինչո՞ւ եմ ես հայտնվել այստեղ, քանի որ սա իմ հայրենիքն է, տղաների մեծամասնության հետ ճանապարհ ենք անցել պատերազմում ու անձամբ իմ հրամանատարության ներքո են եղել, տարբեր մարտական գործողություններին մասնակցել են»: Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանն իրեն չի խնդրել, որ գա այստեղ. «Ինձ որևիցե մեկը չի խնդրել, դա իմ պարտականությունն եմ համարում»: Պարոն Բալասանյանը նաեւ ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը զենքերը վայր դնելու հարցը քննարկել են. «Ժիրայր Սեֆիլյանը դրական է արձագանքել զենքերը վայր դնելու մասին առաջարկին, սակայն մի քանի հարց է առաջ քաշել. դրանք հարցեր են, որոնք չպետք է մանրամասնել»: Վիտալի Բալասանյանը եւս մեկ անգամ հաստատեց ավելի վաղ արտահայտած իր միտքը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան. «Ժիրայրենք իրենց որակավորում են անում, որ քաղաքական այլախոհներ են: Քաղբանտարկյալ հասկացողություն չկա ՀՀ-ում. ովքեր հիմնավորում են, որ կան, թող ի լուր աշխարհի հայտարարեն»: Նա հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խումբն իր գործողությունների առաջին փուլը գերազանց է կատարել. «Խմբի տղաներն այդպես են որակավորում իրենց քայլերը: Ես, իհարկե, դատապարտում եմ՝ չպետք է նման բան անեին»: Պարոն Բալասանյանը նշեց, որ եւ Ժիրայր Սեֆիլյանը, եւ տղաներից շատերը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից: Նա անուններ չտվեց, միայն ավելացրեց. «Սակայն կան մարդիկ, որոնք դեռ պնդում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կես ժամ առաջ խոսել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, նա ասաց, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից»: Ըստ նրա՝ զինված խմբի տղաների մեծամասնությունը պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաեւ ազատ արձակել բերման ենթարկվածներին, այս օրերին ձերբակալվածներին, որ դրանք չշարունակվեն. «Տղաներն ասում են՝ եթե այս մարդիկ ազատ արձակվեն, իրենք վայր կդնեն զենքերը: Որեւէ մեկի կարծիքն ինձ համար դոգմա չէ. իրադրություն  է փոխվում ու իրենք այլ բան կասեն: Զինված խմբի բոլոր տղաներին շնորհակալություն, որ խոհեմ գտնվեցին, որ հասկացան՝ կրակելը որեւէ արդյունքի չի բերելու: Նրանք, որոնք կօգտագործեն զենք, տեղում համապատասխան պատիժ կկրեն: Այս իրավիճակը անվերջ չի շարունակվելու. ամեն ինչ կարճ ժամանակում կլուծվի»: