Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմնանք այնքան, մինչև որ խեղդենք ռեժիմին եւ հնազանդեցնենք. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
varuzhan11

«Ամեն մի գիտակցված ընդվզում բերում է ցանկալի արդյունքի»,-ՊՊԾ շենքի տարածքից լրագրողների հետ զրույցում նշեց վարուժան Ավետիսյանը: Անդրադառնալով առաջին օրերին իրենց վրա եղած գրոհներին՝ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց վրա եղել է մեկ գրոհ. «Զրահամեքենայով կրակելով եկել են մեր ուղղությամբ, շենքի մոտ կանգնած է եղել նաև ոստիկանության գեներալ  Վարդան Եղիազարյանն ու Վալերի Օսիպյանը:  Առանց հաշվի առնելու  անգամ ոստիկանների ներկայությունը՝ գնդացրորդը զրահամեքենայից կրակելով՝ եկավ մեր ուղղությամբ, ծանր վիրավորել է մեր տղաներից մեկին և հակահարված է ստացել, գնդացրորդը ոչնչացվել է՝ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ընկել է այդ լյուկի մեջ և այլևս չի կարողացել կրակել, որից հետո զրահամեքենան խուճապահար փախուստի է դիմել»,-պատմեց նա: Ո՞րն է այս պահին ձեր անվտանգության երաշխավորը հարցին, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Մեր ժողովուրդը՝ առաջին և երկրորդ՝ մեր զենքը»: Վարուժան Ավետիսյանը շեշտեց նաև, որ ոչ թե չպետք է լինեն լիդերներ, այլ չպետք է լինեն մեկ, երկու, երեք  անձինք, ովքեր փորձելու են շարժումը ծառայեցնել իրենց անձնական կամ կուսակցական շահերին: «Անշուշտ պետք է լինի համակարգող մարմին, պետք է լինի կառավարում, առանց որի շարժում չի կարող լինել:Պետք է առանձին, մաքուր կենսագրություն ունեցող անհատներ լինեն՝ թե կուսակցական կենսագրությամբ, թե ոչ կուսակցական կենսագրությամբ , որովհետև մենք ստեղծում ենք նոր պետություն, մենք վերակերտում ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա քվազիպետություն է, այսպիսի պետություն չի լինում, կուսակցությունները կուսակցություններ չեն, պաշտոնյաները պաշտոնյաներ չեն, ոմանք էլ ուղղակի սրիկա են: Այսպիսով հնարավոր չէ առաջ գնալ»: Այս համատեքստում լրագրողների այն դիտարկմանը, թե ում է ինքը տեսնում այդ գործում, Վարուժան Ավետիսյանը անուններ հնչեցրեց. «Օրինակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան, Արա Պապյան, Լևոն Շիրինյան, ես չգիտեմ՝ այդ մարդիկ համաձայն են, թե չէ, ես տեղյակ չեմ»: Վարուժան Ավետիսյանը նաև ընդգծեց, որ ինքը ոչ թե հորդորում է Նիկոլ Փաշինյանին հեռանալ Խորենացի փողոցից, այլ հորդորում է վերջ տալ անձնական և կուսակցական նպատակներով պրոցեսը օգտագործելու փորձերին և կոլեգիալ մարմնով, առանց կուսակցական դրոշի  լծվել ժողովրդի ազատագրական պայքարը դրական հանգուցալուծման հասցնելու գործին: «Այնտեղ լինելը մի բան է, իսկ լիդերության նկրտումը այլ բան է, եթե  այդպես է, մենք կարող ենք լինել լիդեր, որովհետև մենք ենք այս պրոցեսը հարուցել»: Վարուժան Ավետիսյանը նաև ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի փոխվել. «Կառավարության հրաժարականը եթե լինի, պետք է 2 պայմանի բավարարի. չպետք է բաղկացած լինի ՀՀԿ-ից, պետք է ունենա անցումային մանդատ` նվազեցվեն նախագահի լիազորությունները: Իսկ Սերժ Սարգսյանի ճակատագիրը տեսնում եմ դատարանի դահլիճում` օրինաչափ գործողությունների դեպքում իհարկե... Կսպասենք այնքան, մինչև խեղդենք ռեժիմին. հույս ունեմ` գործընթացներն ինչ-որ պահից սկսած արագ զարգացում կունենան»: