Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենները չեն նպաստում միջոցների ծախսման թափանցիկությանը

Հասարակություն
asparez

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը մի քանի ՊՈԱԿ դպրոցների տնօրենների կողմից ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման մասին  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ նախարարության հետ համաձայնեցված մեթոդաբանությամբ իրականացնում է ՀՀ մարզային թվավ 40 ՊՈԱԿ-դպրոցների բյուջետային մոնիտորինգ: Այդ մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվում են դպրոցների բյուջետային եւ այլ փաստաթղթերը, հարցազրույցներ են վարվում դպրոցների տնօրենների, աշխատակազմի եւ ծնողական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաեւ դպրոցների խորհուրդների անդամների հետ: Ստացված տեղեկությունները եւ կարծիքները վերլուծելուց հետո կազմվելու է ամբողջական զեկույց` հնարավոր բացահայտվելիք խնդիրների կարգավորման առաջարկություններով, որը ներկայացվելու է ինչպես ուսումնասիրված եւ համանման հաստատությունների ղեկավարներին եւ խորհուրդներին, ՀՀ ԿԳՆ եւ մարզպետարանների աշխատակիցներին, այնպես էլ` լրագրողներին եւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններին: Մոնիտորինգի այս փուլում, երբ դպրոցների տնօրենները պատշաճ իրազեկված են իրականացվող աշխատանքներին եւ նրանց է ներկայացվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանի աջակցական նամակը, մի քանի դպրոցների տնօրեններ մեկուկես ամսից ավելի անհասկանալի հետեւողականությամբ անտեսում են մոնիտորինգ իրականացնող խմբերի ղեկավարների` տեղեկության գրավոր հարցումները, չեն տրամադրում հարցված տեղեկությունները (բյուջետային եւ այլ` գաղտնիք չհանդիսացող փաստաթղթերի պատճեները): Այդ դպրոցների տնօրեններին հանգամանորեն բացատրվել են ե՛ւ ՀՀ «Տեղակատվության ազատության մասին» օրենքով նախատեսված հարցումներին պատասխանելու ընթացակարգերը, ե՛ւ իրենց պարտականությունները, սակայն ապարդյուն: Տեղեկություններ չտրամադրած դպրոցներն ու դրանց տնօրեններն են.

Դպրոցի անվանումը Գտնվելու վայրը Տնօրենի անուն-ազգանունը
Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց Արագածոտնի մարզ, Աշտարակ, Ալազանի փ., 10 շենք Բալայան Հովհաննես  
Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական-ներառական դպրոց Արագածոտնի մարզ, Աշտարակ, Նարեկացու փ., 79 շենք Մկրտչյան Աստղիկ
Վայքի հիմնական-ներառական դպրոց Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Ալավերդյան փ., 17 Մնացականյան Հովիկ
  Այսպիսով այս տնօրենները կամ նրանց պաշտոնակատարները հարցված տեղեկությունները 5-օրյա ժամկետում տրամադրելու փոխարեն արդեն երկու ամսից ավելի է՝ չեն տրամադրում, խախտելով ՀՀ «Տեղակատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներն ու ընթացակարգերը, սահմանափակելով տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը, ինչը վարչական իրավախախտում է: Այսպիսով տպավություն կա, որ այս տնօրենները հատուկ դիտավորությամբ խոչընդոտում են հանրային միջոցների ծախսման թափանցիկությանն ուղղված մեր ջանքերը եւ այս մոնիտորինգի արդյունավետությունն ընդհանուր առմամբ: Այս հայտարարությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտում է այս անօրինական եւ անպատասխանատու վարչարարությունը, եւ կոչ է անում համապատասխան կառավարման խորհուրդներին, մարզպետարանների համապատասխան պաշտոնյաներին եւ ՀՀ ԿԳ նախարարությանը` շուտափույթ կարգի հրավիրել այս տնօրեններին, պարտադրելով նրանց անհապաղ տրամադրել հարցված տեղեկությունները մոնիտորինգային խմբերի ղեկավարներին: Հակառակ դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին այլ բան չի մնում անել, քան դիմել դատարան` տեղեկության հարցումներին պատասխանել պարտավորեցնելու, որոնվող տեղեկությունները տրամադրելու, ինչպես նաեւ այս գործընթացների համար արվելիք դատական ծախսերի փոխհատուցման եւ զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցապահանջներով: