Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակի մեղավորը՝ ըստ Հայկ Խանումյանի

Քաղաքականություն
hayk-nkar

Արցախի «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը Գործադիր մարմնի նիստ չի արել՝ «Սասնա Ծռեր» խմբի գործողությունները,  դրանց հաջորդած գործընթացները  գնահատելու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ընդդիմադիր ուժի նախագահ Հայկ Խանումյանը։ Ըստ նրա՝ այս իրավիճակն առաջացել է ոչ պատահականորեն։ «Ես այս վիճակի մեղավոր եմ տեսնում ՀՀ իշխանություններին, հատկապես առաջին դեմքերի և իշխող կուսակցության ներկայացուցիչների ցինիկ վերաբերմունքը կարևորագույն հարցերի շուրջ»,- ասում է նա: Պարոն Խանումյանը պնդում է՝ Հայաստանում երբևէ խաղաղ ճանապարհով իշխանություն չի փոխվել, ինչը ևս նման գործողության դիմելու պատճառներից է. «Ակնհայտ է, որ մեր նման երկրներում, որտեղ անհնար է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, մի օր պետք է (զինված) ապստամբություն սկսվեր: Այս մասին ես դեռ 2011թ.-ին եմ ասել»: Ընդդիմադիր գործիչը «Սասնա Ծռեր» խմբի գործողությունները պայմանավորում է ինչպես ապրիլյան պատերազմով, այնպես էլ դրանից հետո տեղի ունեցած պրոցեսներով։ «Խմբի համբերության բաժակը լցվել է հայաստանյան կառավարող էլիտայի կողմից ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրած տարածքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, բանակում տիրող վիճակը, կորցրած տարածքները վերադարձնելու պահանջներին ցինիկ պատասխանները, տարածքային զիջումների հաշվին ղարաբաղյան հարցը լուծելու վերջերս ակտիվացած զրույցները, կառավարող կուսակցության շատ ներկայացուցիչների՝ այդ հարցով կատարվող հակահայկական հայտարարությունները»,- հավելեց պարոն Խանումյանը։