Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկու ոստիկաններին ազատում ենք, գեներալին եւ գնդապետին՝ պայմանով». Վ. Ավետիսյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
varuzhan

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Ա1+»-ին քիչ առաջ փոխանցեց, որԱԱԾ-ի պետի Գ. Կուտոյանի հետ բանակցությունների արդյունքում  որոշում է կայացվել նախ ազատ արձակել 2 պատանդ ոստիկանի, ապա գեներալին ու գնդապետին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կենտրոն: Վարուժան Ավետիսյանը «Ա1+»-ին եւս հրավիրել է մամուլի կենտրոն։ Հարցին՝ ինչպես է լուծվում սննդի հարցը, պարոն Ավետիսյանը  տեղեկացրեց՝ լուծվում է։ ԱԱԾ-ի պետի Գ. Կուտոյանի հետ  բանակցությունները վարվել են ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ։ Հիշեցնենք, արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4-ն է, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։  Հուլիսի 20-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: 51 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բերման է ենթարկվել 136 մարդ, ձերբակալվել է 16-ը: