Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանը, որն ասել էր՝ չեմ կրակի. «Մեդիամաքս»

Քաղաքականություն
hetq

Խորենացի փողոցում նախօրեին պատ կազմած ոստիկաններից մեկին գրկած աղջկա լուսանկարը Ֆեյսբուքի հայկական տիրույթում էմոցիաների մեծ տարափ առաջացրեց: Քչերը կարողացան անտարբեր անցել «Հետք» պարբերականի լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի ֆիքսած կադրի կողքով: Մեդիամաքսը որոշել է  գտնել օրվա հերոսուհուն եւ պարզել, թե ինչ է կատարվել կադրից այն կողմ: Լուսանկարում ծննդով Թեհրանից Արինե Սուքիասյանն է, ով Երեւան բնակության է տեղափոխվել 20 տարի առաջ: Մասնագիտությամբ ճարտարապետ Արինեն նաեւ սիրողական դերասանական գործով է զբաղվում: «Մենք կանգնած էինք Խորենացի փողոցում՝ այսպես կոչված առաջին գծում: Ոստիկանները շարքով կանգնած էին, երկրորդ խումբը եկավ: Մենք ավելի մոտ կարողացանք առաջանալ: Ես ու ընկերուհիս խոսում էինք իրենց հետ: Սկսեցի ոստիկանների աչքերի մեջ նայելով` հերթով հարցնել. «Հիմա որ քեզ հրամայեն, ինձ վրա կկրակե՞ս, դու կկրակե՞ս, իսկ դու կկրակե՞ս»: Մինչ այդ տղայի հենց դիմաց կկանգնեի ու կհարցնեի, նայեցի դեմքին, միանգամից գոռաց. «Չէ, ես չեմ կրակի»: Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի: Զգացմունքային մարդ չեմ, բայց բավական զգայուն եմ նման պահերին: Երբ գոռաց` «չեմ կրակի», քար լռություն եղավ մի քանի վայրկյան, բոլորը սառեցին: Նայեցի իրեն, նորից հարցրեցի, նորից ասաց, որ չի կրակելու, անկախ ինձանից վազեցի եւ գրկեցի նրան: Այնքան ինքնաբերաբար ստացվեց այդ պահը: Ինքն էլ ինձ մի ձեռքով գրկեց, քանի որ ազատ չէին ձեռքերը, իրենք շղթա կազմած էին կանգնած: Մի քանի վայրկյան լռությունից հետո մարդիկ սկսեցին ծափահարել: Իրենց ղեկավարներն էլ ոչինչ չասացին: Երբ երկրորդ անգամ գրկեցի նրան, երեւի այդ ընթացքում են արել լուսանկարը: Ես զուտ պահի զգացմունքային դաշտի տակ էի, նույնիսկ չէի հասկանում` ինչ է կատարվում: Միայն հետո էի հիշում, թե ինչպես եղավ»: Նա նշել է, որ դեմ է ատելությանը եւ ոստիկաններից ոչ մեկին չի ատում. «Երեկոյան տեսա, որ այդ ոստիկանն ինձ ավելացրել է «Ֆեյսբուք»-ի իր ընկերներում: Ես հիմա նաեւ նրա անունը գիտեմ, ինչպե՞ս կարող եմ ատել նրան: Եթե իրենց տեսնեք, հնարավոր չի ատել: Նրանք նախանձելի վիճակում չեն: Ես որեւէ կոչ չեմ անում, պարզապես ասում եմ, որ մենք բոլորս պետք է արթնանանք»:   Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի/«Հետք»   Մանրամասներն այստեղ