Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթուր Վանոյանի մահվան  համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը»

Քաղաքականություն
aa204ab848ee9fe826d5002051e0d565

Հետագա արյունահեղությունը կանխելու համար՝ միակ ելքը Սերժ Սարգսյանի ձեռքում է: Կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Նա պետք է  հրաժարական տա, ուրիշ լուծում ես չեմ պատկերացնում, տղաները հանձնվող չեն, իսկ գրոհի դեպքում արյունահեղություն կլինի»,- նշում է նա՝ խոսելով  «Սասնա Ծռեր» խմբի կողմից ՊՊԾ-ի գրավման մասին: Արամ Հարությունյանը վստահ է՝ խմբավորումը գնացել է նման քայլի, քանի որ այլ ելք չի ունեցել. «Այս ամենը հետեւանք է իշխանությունների  վարած քաղաքականության ու  բոլոր ձախողումների։ Հետեւանք է նրա, որ ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, իշխանությունը ինքն է արտահայտվում, որ ինչքան ուզեն՝ էնքան տոկոս կխփեն,  հետեւանք է նրա, որ ղարաբաղյան հարցում մենք լուրջ ձախողումներ ունենք, արտաքին աշխարհում մեզ չեն հարգում, իսկ ժողովուրդը ծանր վիճակում է,  արտագաղթն էլ ավելացել է»: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հիշեցնում է՝  Սերժ Սարգսյանը մարտի 1-ով եկավ իշխանության , հետո փորձեց իր լեգիտիմությունն  ստանալ,  բայց ձախողեց. «էն գլխից , եթե մեկը ժողովրդի վստահությունը չի վայելում,  բնականաբար ամեն ինչ էդպես էլ պետք է լիներ»: Այն, որ մինչեւ այսօր ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հանդես չի եկել հայտարարությամբ, Արամ Հարությունյանը նորմալ է համարում. «Ո՞ւմ դիմեն, փոքր մասի վրա նրանք ազդեցություն ունեն, բայց էդ մի մասը իրենց կաբինետներում են, իսկ հասարակ ժողովրդի հետ Սերժ Սարգսյանը վաղուց կապ չունի: Մեր իշխանությունն այն լեգիտիմ իշխանությունը չի, որ գտնի պաշտպանություն ժողովրդի կողմից: Անգամ  Էրդողանը դիմելով ժողովրդին, գտավ այդ պաշտպանությունը, իսկ Սերժ Սարգսյանի կոչով 10 հոգի անգամ հրապարակ դուրս չի գա»: Քաղաքական գործիչը վերջում կոչ է անում ժողովրդին լինել երկրի տերը. «Մի քանի հոգի իրավունք չունեն  մի ամբողջ ժողովրդի տառապանք պատճառել: Մարտի 1-ի զոհերը կապված են Սերժ Սարգսյանի հետ, պատասխանատուն ինքն է եւ Ապրիլյան դեպքերի պատասխանատուն է ինքը, ինչպես նաեւ գնդապետ Արթուր Վանոյանի մահվան  համար է նա պատասխանատու ու նրա վարած քաղաքականությունը»: