Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

Քաղաքականություն
himnadir10

Հիմնադիր խորհրդարանի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպում ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին լուծում տալու նպատակով:   Միաժամանակ նա  կոչով է հանդես եկել: «Այդ կոչը  միայն այդ տղաներին ուղղված չէ, կոչը ասում է, որ ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից  եւ դա իրականացնելու համար ինքը Սեֆիլյանը պատրաստ է ամենաբաձր մակարդակով հանդիպում ունենալ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ տեսակցել է Ժիրայր Սեֆիլյանին: Երեկ նա հանդիպել է նաեւ Էրեբունու ՊՊԾ շենքը առավոտյան գրոհած «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ անձանց հետ: «Այնտեղ գտնվող տղաներն առաջին իսկ րոպեից պահանջել էին Ժիրայր Սեֆիլյանին բերեն այդ զորամաս, բայց ուժային կառույցները դա բացարձակապես մերժել էին: Եթե ուժային կառույցների կողմից հեշտացվի, պարոն Սեֆիլյանը պատրաստ է գնալ հանդիպման»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքերով՝  իրենք զրկված են ինտերնետից եւ սնունդից: Ալեք Ենիգոմշյանը միաժամանակ տեղեկացրեց, որ  ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի զոհվելը   շատ է բարդացրել իրավիճակը: «Չնայած ներսում գտնվող տղաների մոտ էլ վիրավորներ կան: Մի ծանր հիվանդ կա՝ Թաթուլ անունով, մյուսն ավելի միջին ծանրության վիրավոր է, անունը չեմ հիշում»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը: Իսկ ինչ վերաբերում է   ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի այն հայտարարությանը, թե միայն ոստիկաններն են տուժել, Ենիգոմշյանը նշեց. «Դա ամբողջությամբ անճիշտ հայտարարություն է»: Ի դեպ,  ուշ գիշերին մեկ պատանդ է  ազատ արձակվել, սակայն դա  Ժիրայր Սեֆիլյանի կոչը չի եղել,այլ   բարի կամքի դրսեւորում: