Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս է հաջողվել գրավել շենքը. ոստիկանները համարժեք պատասխան չեն տվել (տեսանյութ)

Քաղաքականություն
hunan1

Ոստիկանության եւ իրավապահների մարմինների  հատուկ ստորաբաժանումները բերված են մարտական  վիճակի, սակայն նրանց գործողություն կատարելու ցուցում  տրված չէ: Այսօր հայտարարեց  փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների պահանջը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է: Սակայն Ժիրայր Սեֆիլյանին չեն բերել հանդիպման: «Ներսում պահում են պատանդներ,  ոստիկանության աշխատակիցների, զինված են,  կրկին անգամ հորդորում ենք զերծ մնալ սադրանքներից, մարդասպանությունից եւ ավելորդ արյունահեղությունից»,- ասաց Հունան Պողոսյանը: Իսկ ինչպե՞ս է հաջողվել գրավել շենքը, «Ա1+»-ի հարցին ի պատասխան  Հունան Պողոսյանը նշեց: «Խաղաղ պայմաններում, ձեր, իմ,  մեր ազգաբնակչության անդորրը պահպանող խաղաղ ոստիկանին  մտնելով, սպանելով եւ ոստիկանի կողմից համարժեք պատասխան չստանալով»: Անդրադառնալով վիրավորվածներին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:  Դեպքի վայրից տեղափոխվել է նաեւ սպանված  ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի դին: «Չենք ուզում լինի արյունահեղություն եւ հորդորում են հանձնվել իշխանություններին»,- եւս մեկ անգամ հորդորով դիմեց փոխոստիկանապետը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ գնդի զենքերը չեն վերցրել, իրենց զենքերով են եկել  հարձակման: Ի դեպ, նա նաեւ անդրադարձավ բերման ենթարկվածների խնդրին՝ նշելով, որ սահմանված ժամկետում բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն: