Բերման են ենթարկում քաղաքացիների. թարմացվող (տեսանյութ)

15.40  Փակված Խորենացի փողոցից բերման են ենթարկում քաղաքացիների։ Հենց նոր բերման ենթարկեցին երկու քաղաքացու,որոնք կանգնած էին այնտեղ։ Երբ լրագրողները փորձեցին պարզել, թե ինչու են բերման ենթարկում, պատասխանը եղավ. «Պատճառ չկա»։

14.20 Բերման է ենթարկվել ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանը։ Այդ մասին գրել է  Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում։

13.45 Քիչ առաջ Խորենացի փողոց էր եկել մի երիտասարդ՝ եռագույնը ուսերին։ Նրան բերման ենթարկեցին՝ առանց պատճառաբանության։ Լրագրողներին առաջարկվեց պատճառն իմանալու համար դիմել լրատվական ծառայություն։

 

12.00  «Ա1+»-ի տեղեկություններով՝  զինված միջադեպի հետեւանքով կա մեկ զոհ ոստիկանության կողմից։ Տվյալները ճշտվում են։

11. 42 Այս պահին Խորենացի փողոցով Շտապօգնության մեքենան գնաց դեպքի վայր: Փողոցն ամբողջությամբ փակված է բեռնատար մեքենաներով: Ոստիկանները հսկում են տարածքը: Ականատեսերը նշում են, որ լուսաբացին աղմուկ են լսել, սակայն իրենց թվացել է, թե տեղի է ունենում հրավառություն, իսկ մեկն էլ նշեց, որ ատրճանակի ձայներ է լսել:

11. 40 Խորենացի փողոցը փակ է։ Նույնիսկ լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ։ Քաղաքացիները խոսում են, որ ոստիկաններից մեկը վիրավոր եւ վիրահատվում է Մուրացանի հոսպիտալում։ Ոստիկանությունն առայժմ չի մանրամասնում։

11.39 Այսօր վաղ առավոտյան Արթիկում  բերման է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը։

11. 23 Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքով հայտնում է, որ իրեն առանց հիմքի տանում են ոստիկանություն

10. 31 Ոստիկանությունը քիչ անց հաղորդագրություն կտարածի:

10. 20. Տեսանյութ է տարածվել, որ մի քանի ժամ առաջ  մի խումբ անձանց կողմից վերցվել է Ոստիկանության Էրեբունու շենքը;

Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը:

«Սասնա ծռեր» խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք զինված ապստամբություն են սկսել:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ. Ազատություն

10. 03 Այս պահին Ոստիկանության Վանաձորի բաժնում են գտնվում «Նոր Հայաստան»  հանրային փրկության ճակատի բազմաթիվ աջակիցներ: Բերման ենթարկվածներից Հասմիկ Էվոյանը նույնիսկ տեղյակ չէր, թե այսօր առավոտյան ինչու են ոստիկաններն եկել իրենց տուն և իրեն ու իր հայրիկին բերման ենթարկել:

Ա1+-ը փորձեց կապ հաստատել «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ: Հեռախոսազանգին պատասխանեց նրա աղջիկը: Վերջինս նշեց, որ հորից որևէ լուր չունի, իսկ այսօր առավոտյան ոստիկաններն  են եկել նրա հետևից: