Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չբացահայտված սպանությունների 41,7%-ն անհայտ կորչելու դեպքեր են. կոլեգիայի նիստ (տեսանյութ)

Պաշտոնական
nist

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2016 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նշվեց, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր.օր-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 2016թ. հունվարի 1-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 12,6%-ով կամ 1078 դեպքով: Ընդ որում, աճի երկու երրորդը կազմում են հենց հիշյալ դեպքերը: Միևնույն ժամանակ, աճել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը՝ 1,8%-ով, ծանր հանցագործություններով՝ 5,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,1%-ով: Կիսամյակի ընթացքում արձանագրված 39 սպանության դեպքերից բացահայտվել է 69,2%, ինչը 19,2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ սպանության փորձի 17 դեպքերի բացահայտումը կազմել է 100%: Հարկ է նշել, որ չբացահայտված սպանությունների 41,7%-ն անհայտ կորչելու դեպքեր են: Բնակարանային գողության դեպքերի բացահայտումն աճել է 8,3%-ով, ավազակության դեպքերինը՝ 27,5, կողոպուտինը՝ 11,8%-ով: Աճ է արձանագրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ՝ 3,1%: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է  409 միավոր հրազեն: 2,3%-ով աճել է նաև զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը: nist1 Հաշվետու ժամանակահատվածում 14,8%-ով նվազել է խմբերի, 19 դեպքով՝  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը: Զգալիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 149-ով (372-521): Գրեթե կրկնակի  աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (37-71): Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ու ճանապարհատրանսպորտային պատա­հար­ների նախականխմանը միտված   միջոցառումների  արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 73-ով, զոհերի թիվը՝ 29-ով, վիրավորներինը՝ 116-ով: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց անչափահասների  հետ տարվող աշխատանքը, անդրադարձավ բնակարանային գողության դեպքերի բացահայտման առանձնահատկություններին և որպես ոստիկանության արդյունավետ գործունեության գրավական ընդգծեց ստորաբաժանումների փոխգործակցության անհրաժեշտությունը: Ոստիկանության պետը գործունեության առանցքային ուղղությունների շարքում առանձնացրեց հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքը՝ այն դիտելով և՛ որպես հանցավորության արդյունավետ հակազդման, և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման նախադրյալ: Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց բարեփոխումների գործընթացի արդյունքները Ոստիկանության զորքերում և կարևորեց անձնակազմի պատվախնդիր ու պրոֆեսիոնալ գործելակերպը հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործում: Կոլեգիայի նիստում հաշվետու զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչությունների պետերը: Ոստիկանության պետն անդրադարձավ տեղերում հանցավորության կառուցվածքի և դրա հակազդման առանձնահատկություններին ու կարևորեց անձնակազմերի պատրաստականության բարձրացման անհրաժեշտությունը: Նիստի ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանրությանը ծառայություն մատուցող և անմիջաբար քաղաքացիների հետ աշխատող ստորաբաժանումների գործունեությանը: Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության և անձնագրային ու վիզաների վարչության, համայնքային ոստիկանության ղեկավարներից պահանջեց բարձրացնել ծառայողների պատասխանատվության աստիճանը, քաղաքացու հետ շփման որակը, ուշադրություն դարձնել ոստիկանների պահվածքին, արտաքինին, հաղորդակցության կարողություններին: Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ առաջին կիսամյակում արձանագրված աշխատանքային արդյունավետությունը կպահպանվի, և ոստիկանությունը տարին կամփոփի՝ լիարժեք իրականացնելով բարեփոխումների ծրագրով  նախատեսված բոլոր խնդիրները: Կոլեգիայի նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ և տրվեցին կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ: