Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիացի ռեժիսորին ու դերասանին հատկապես հայկական խոհանոցն է դուր եկել (տեսանյութ)

Հասարակություն
merine

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր ֆրանսիական կինոյի շունչն էր իշխում։ Հանդիսատեսը վայելեց «Երկու Ռեմի, երկու» ֆիլմը։ Ռեժիսորը Պիեռ Լեոն է։ Ֆիլմը ներկայացնում է մեկ անձի՝ երկու կերպարով։ «Յուրաքանչյուր անձի շոյում է այն դերը, որն իրեն ի սկզբանե հոգեհարազատ է թվում։ Ես՝ որպես դերասան, բախտ ունեցա երկու դեր խաղալու. Ռեմի մեկին և երկուսին։ Դերասանն ինքն էլ կյանքում երկակի դեր է խաղում. պետք է իր սեփական դերը խաղա, բացի այդ էլ՝ արվեստով ներկայացնի»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց երկու Ռեմիներին մարմնավորած դերասան Պասկալ Սերվոն։ Նա նշեց, որ առաջին անգամ է մեր երկրում։ Ի՞նչ տպավորություն ունի, նշեց. «Ես Հայաստանի մասին ոչինչ չգիտեի, բայց այստեղ՝ Երևանում, կյանքն ինձ շատ է դուր եկել։ Մարդիկ իսկապես շատ հաճելի, բարեհամբույր են»։ Արդյո՞ք դերասանը հասցրել է փորձել հայկական խոհանոցի ուտեստներից, պատասխանը դրական էր։ «Ես փորձել եմ, այո։ Մի ուտեստ էր, որն ինձ ռավիոլի հիշեցրեց և ասեմ, որ շատ դուր եկավ»։ merine1 Իսկ ֆիլմի ռեժիսորը ծնվել է Մոսկվայում։ Պիեռ Լեոյի հայրը ֆրանսիացի է, մայրը՝ ռուս։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ մինչև 15 տարեկան բնակվել է Մոսկվայում՝ ծնողների հետ, հետո տեղափոխվել Ֆրանսիա։ Իր ֆիլմի վերաբերյալ նա նշեց. «Կա ֆիլմ, որը ցուցադրվում է, կա ֆիլմ, որը դիտում են։ Իմ ֆիլմի դեպքում այն դիտելու համար է։ Ես ուզում եմ, որ հանդիսատեսն այնպես նայի դերակատարներին, ինչպես ես եմ տեսնում։ Բայց նաև հանդիսատեսն ազատություն ունենա և իր սեփական կարծիքը ձևավորի»։ Ռեժիսորն առաջին անգամ չէ Հայաստանում։ Նախորդ անգամ միայն Գյումրիում է հասցրել լինել։ Ասում է՝ նրանց հումորը հիանալի է, ինքն անընդհատ ծիծաղել է։ Պիեռ Լեոն ինքն էլ հայկական ուտեստներ փորձել է. «Ի՞նչ վատ բան կարող եմ ասել հայկական խոհանոցի մասին։ Ես շատ եմ սիրում հայկական խոհանոց։ Բայց չգիտեմ՝ ինչպես էին կոչվում այն ուտեստները, որ փորձել եմ։ Եվ հայկական պանիրն եմ շատ սիրում»։