Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլահայ գործարարը բիզնեսը տեղափոխում է Հայաստան

Քաղաքականություն
stambul

Ստամբուլում կաշվե պայուսակների եւ աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Օնո Կոլուկիսայանը ցանկություն ունի բիզնեսը շարունակել Հայաստանում: Երեւանում ընթացող՝ «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» բացմանը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ այլ գործարարների հետ շփվելու հնարավորության համար: Ստամբուլահայ գործարարը դեռ չի ծանոթացել հայկական շուկայի պահանջներին եւ խնդիրներին, բայց վստահ է, որ ցանկանում է իր ընտանիքի 34 տարվա աշխատանքը կենտրոնացնել այստեղ. «Թուրքիայեն անունով չեմ ուզեր անել այս գործը, այլ Հայաստանի անունով»,-ասում է նա: Գործարարի խոսքով՝ իր փոքրիկ ֆաբրիկայի արտադրանքն այսօր արտահանվում է ԱՄՆ, Հոլանդիա, Իտալիա, իսկ առաջիկայում այն հնարավոր կլինի տեսնել նաեւ Երեւանում: Հարցին, թե ինչ ռիսկեր է տեսնում մեր երկրում, Օնո Կոլուկիսայանը նշեց, որ ամենամեծ ռիսկերն ունեցել է Թուրքիայում եւ չի կարծում, թե Հայաստանում խնդիրներ կունենա. «Թուրքիային մեջ տարիներ շարունակ ռիսկի մեջ ենք, հենց միայն հայ ըլլալուս, վարպետ ըլլալուս  համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստիպված թաքցնում են իրենց արտադրության «հայկական արմատները»: Նշենք, որ «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումն» անցկացվում է հուլիսի 15-22-ը՝ Երեւանում: Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 30 հայ գործարար՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Իրանից, ԱՄԷ-ից, իսկ Հայաստանից եւ Արցախից համաժողովին մասնակցում է շուրջ 60 երիտասարդ գործարար: