Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսներին պետք է ուղարկել գրողի ծոցը». քաղաքագետ

Քաղաքականություն
qaxaqaget

«Եթե Ղարաբաղյան հակամարտության պատճառը լուծված չէ, եթե Ադրբեջանը որեւէ պատրաստակամություն չի հայտնում այն կարգավորելու համար, ապա հայկական կողմի՝ փոխզիջումների մասին հայտարարությունները խիստ վտանգավոր են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել էր, թե հանուն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, հնարավոր է որոշ տարածքներ զիջել: Ի պատասխան սրա՝ քաղաքագետը նշեց. «Այդ տարածքները հենց նրա համար են ձեւավորվել, որպեսզի մարդկանց  կյանքին այլեւս ոչինչ չսպառնա: Երբ կլինեն այդ տարածքներին համարժեք անվտանգության երաշխիքներ, այդ դեպքում նոր կարելի է  խոսել, իսկ այդ երաշխիքը միայն մեկը կլինի՝ երբ Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Եթե նման բան չկա, այդ խոսակցությունները անտեղի են եւ վտանգավոր»: Ռուբեն Մեհրաբյանը խորհուրդ տվեց ոչ թե խոսել, այլ գործել. «Գործ անելու փոխարեն զբաղված են աջուձախ նման հայտարարություններ շաղ տալով: Սա, նախեւառաջ ռուսական կողմին է պետք, որը փորձում է առանց կոնֆլիկտը կարգավորելու ստիպել, որ հայերը ինչ-որ բան զիջեն: Ռուսներին պետք է ուղարկել գրողի ծոցը: Եթե Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք մատակարարել, ապա Հայաստանը պետք է վերանայի բոլոր հարաբերությունները նրա հետ: Սա գլխակեր քաղաքականություն է, եւ մարդկանց կյանքի մասին իբր մտահոգվածները հետո գլուխները պատով են խփելու»,-եզրափակեց նա: