Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանի հետ հնարավոր չէ խաղաղ համագործակցություն ունենալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
axas

«Ռուսաստանը խառնեց միջազգային անվտանգությունն ամենախոցելի վայրում՝ Արցախում». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից անցել է երկու տարի, եւ այդ երկու տարում Ռուսաստանը մտել է Սիրիա, ավելացրել ագրեսիան Ուկրաինայում եւ սրել լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Քաղաքագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ն իրեն փորձել է ապահովագրել Ռուսաստանի ագրեսիայից, մինչդեռ վերջինս, ի պատասխան դրա, մտավ ղարաբաղյան հակամարտության խորացման մեջ: «Լավրովի այն հայտարարությունը, որ իրենք տեսնում են խնդրի լուծումը, նշանակում է, որ իրենք տեսնում են այն պարտադրանքը, որ կարող են դնել մեզ վրա: Դա Ռուսաստանի ասիմետրիկ պատասխանն է ՆԱՏՕ-ին»: Ըստ Աղասի Ենոքյանի՝ Ռուսաստանի հետ հնարավոր չէ խաղաղ համագործակցություն ունենալ. «Նրանք կողմ են ղարաբաղյան հարցի ռազմական լուծմանը՝ անկախ նրանից՝ զենք կտա՞ն Ադրբեջանին, թե՞ ոչ: Բայց այն հայտարարությունը, որ նրանք շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, նշանակում է՝ նրանք շարունակելու են պատերազմը Հայաստանի դեմ»,-ասաց նա: Հանդիպմանը ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, չի կարծում, թե զենք վաճառելով Ադրբեջանին, Ռուսաստանը դուրս է գալիս Հայաստանի դեմ: Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանն ունի իր շահերը եւ, բացի այդ, Ռուսաստանը զենք է վաճառում նաեւ Հայաստանին: «Պարտադիր չէ, որ Ռուսաստանը մեր թշնամու հետ անպայման թշնամի լինի»: