Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համապատասխան քայլեր ենք ձեռնարկում. Դ. Բաբայանը՝ սահմանային վիճակի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman-nkar-1

Առավոտյան ԼՂՀ Պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին ավիացիոն ուժեր է կուտակել։ Ժամը 08.26-ից առաջնագծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի օդուժը ուսումնամարզական թռիչքներ է սկսել իրականացնել։ Ժամը 11.00-ի դրությամբ թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ։ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ա1+»-ի հետ զրույցում իր գնահատականը հնչեցրեց սրա վերաբերյալ։ «Նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, երբ նրանք օգտագործում էին օդուժ, մենք երբևէ չենք երկնչել։ Սրանք պարզապես ուսումնամարզական թռիչքներ էին։ Իհարկե, մենք համապատասխան քայլերը ձեռնարկում ենք։ Ընդհանուր առմամբ, պետք է շատ հանգիստ լինենք այս զարգացումների ներքո։ Իհարկե, Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, սակայն, այնուամենայնիվ, բանակն ի վիճակի է և միշտ էլ ի վիճակի է լինելու պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը»։ Պարոն Բաբայանի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, իրավիճակը սահմանին նորմալ է. «Ճիշտ է՝ հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, բայց իրավիճակը կայուն է»։ Արդյո՞ք սա մարտական գործողությունների վերսկսման նշան է. «Մարտական գործողությունների վերսկսումը միշտ էլ հնարավոր է։ Բայց հավանականությունը կախված է նրանից, թե որքանով ենք մենք ի վիճակի հակահարված տալու թշնամուն։ Եթե թշնամին հասկանում է, որ մենք ի վիճակի ենք հակահարված տալու և նրանց համար դժվար կլինի «ապաքինվելը», նրանք երբևէ չեն դիմի սադրանքի»,-շեշտեց ԼՂՀ նախագահի խոսնակը։ Հարցին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դասեր քաղե՞ց  ապրիլյան պատերազմից, պարոն Բաբայանը նշեց. «Բնական է, բոլորս էլ դասեր ենք քաղել։ Սա ցույց է տալիս ինչպես մեր առավելություններն, այնպես էլ անելիքները։ Ամեն ինչ արվելու է, որ մեր անվտանգության համակարգերն ավելի արդիական ու հզոր լինեն»։