Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գասպարիին խոշտանգում են, բռնարարին՝ ազատում» (տեսանյութ)

Հասարակություն
akcia-kacin-1

«Դատավոր կացին, դատավոր կացին»՝ այս վանկարկումներն այսօր կարելի էր լսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամներն այս կերպ իրենց դժգոհությունն են հայտնում դատավոր Նելլի Բաղդասարյանի կայացրած որոշման դեմ: Դատավոր Նելլի Բաղդասարյանը  այս տարվա հունվարի 27-ին  որոշել էր կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, դիտավորությամբ նրան ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար   Վլադիկ Մարտիրոսյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, սակայն պայմանականորեն չէր կիրառել ազատազրկումը: Իսկ հուլիսի 8-ին ընտանեկան խնդիրների պատճառով նա կացնահարելով սպանել է նախկին զոքանչին, իսկ նախկին կինն ու նրա հայրը կացնի հարվածներից  վնասվածքներ էին ստացել եւ ծայրահեղ ծանր վիճակում էին գտնվում:  Ակցիայի մասնակիցների ձեռքներին նաեւ խաղալիք կացիններ կային: «Անպատժելիության մթնոլորտը Հայաստանում ծնում է նոր հանցագործություններ, եւ սա շատ լավ ցուցանիշ է, որը ցուցադրում է,  թե ինչպիսին է դատաիրավական համակարգը մեր երկրում»,- նշեց   «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: Փաստաբան Լուսինե Հակոբյանը նշում է՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի հոգեկան եւ մասնագիտական որակների մասին դեռեւս արտահայտվել են ակտիվիստ  Վարդգես Գասպարիի գործով դատական նիստերի ընթացքում, երբ նա որոշում կայացրեց կալանավորել  Գասպարիին՝ դատական նիստերի ընթացքում նրա ներկայությունն ապահովելու համար. «Մեկը, որ բոլորովին ոչ ադեկվատ է այդ պաշտոնի համար, այս դեպքից հետո ակնհայտ էր,  որ ընդհանրապես նա գործ չունի դատական համակարգում»: Ի դեպ,  «Իրավունքի Եվրոպա» ՀԿ իրավաբանները դիմում են պատրաստում  Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին եւ Արդարադատության նախարարին, որպեսզի նրանք  դիմեն Սերժ Սարգսյանին՝ Նելլի Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու համար: Դատավորի  կողմից թույլ տրված երկու դատական սխալները,  ըստ  «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ  Լուսինե Հակոբյանի, հանգեցրել են ողբերգական հետեւանքների. «Գասպարին տարվա սկզբում ենթարկվեց խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի:  Այս դեպքում ակնհայտ բռնարարին, ոչ ադեկվատ վիճակում գտնվող անձին նա որոշել էր պատիժը չկիրառել եւ ազատ արձակել»։ Այնուհետեւ ակցիայի մասնակիցները որոշեցին գնալ դեպքի վայր, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը: Նրանց զարմացնում էր հարեւանների անտարբերությունը. «Հնարավոր չէ, որ սարսափելի ձայներ չգային, ուղղակի կարելի է պատկերացնել ինչ ցավային բաների մասին է խոսքը գնացել, ոչ մեկը դուրս չի եկել, ոչ մեկը ոստիկանություն չի զանգել»,- ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող Տաթեւիկ  Աղաբեկյանը: Տան կողքի հարեւանն էլ, պարզվում է, ձայներ լսել է, բայց դուրս չի եկել, ամուսինն իրեն վատ է զգացել: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները մոմավառություն կատարեցին՝ հայտարարելով, որ նման վայրագություններին վերջ տալու համար պետք է ընդունվի ընտանեկան բռնության կանխարգելման օրենք: