Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցփաթեթների 3 տուրօպերատոր կկասեցնի աշխատանքը

Հասարակություն
a8afca82500fa4abc24c48a5fd6cbf0d

Սոցիալական փաթեթներից հանգստի բաղադրիչի՝ կասեցմանը նախորդել են տուրօպերատորներից մեկի գործունեության դադարեցումը, երկուսի դիմումն էլ շուտով կմակագրվի, իսկ մյուս տուրօպերատորներին տրվել է 21 նախազգուշացում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ ավելացնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած չարաշահումների արդյունքում մի շարք գործեր արդեն քննվում են: Միաժամանակ պարոն Ապրեսյանը չկարողացավ մատնանշել կոնկրետ մեկ փաստ: Նշենք, որ վարչապետը նախորդ նիստի ժամանակ հայտարարել էր, որ սոցփաթեթներում կան չարաշահումներ, որի հետեւանքով պահպանվելու է միայն առողջապահության բաղադրիչը, իսկ հանգստինը հանվելու է՝ 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում:  Պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչն այս տարի գործելու է եւ ովքեր այս եւ նախորդ տարի չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտվել: Մյուս բանախոսը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, նկատեց՝ հանգստի բաղադրիչն իր մեջ ներառում է նաեւ վարկերի մարում ու կրթության բաղադրիչը. «Եթե խոսվում է հանգստի բաղադրիչի վերաբերյալ չարաշահումներին, ապա, ստացվում է, չպետք է շրջանցել նաեւ վարկերի մարման եւ կրթության բաղադրիչը: Եթե անցկացնենք համեմատականներ, ապա նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար միջին ամսական կտրվածքով 7 հազար դրամը մոտավորապես մաքուր աշխատավարձի 10-15 տոկոսն է: Այս գումարով պետական ծառայողը կարողանում էր իրեն իրավունք վերապահել կամ երեխային կրթության տալ, կամ մեկ ամսվա համար ազատվել վարկի մարումից»: Պարոն Պիպոյանի ենթադրություններով՝ այսպիսով պետությունը գնում է բյուջեի խնայողության. «Ժամանակին, երբ ներդրվում էր սոցփաթեթների համակարգը, խոսվում էր այն մասին, որ սա բերելու է պետական աշխատողների հանգստի բարելավմանն ու տուրիզմի զարգացմանը՝ ելնելով թե հյուրանոցային ցանցի ընդլայնումից, թե ներգնա տուրիստների ժամանակ հյուրանոցների որոշակի ծանրաբեռնվածությունից. երբ տուրիստները գնում են, տեսնում են՝ հյուրանոցը դատարկ է կամ երբ տեսնում են այն ծանրաբեռնված է, ապա մթնոլորտն ու տուրիզմի զարգացման տեսանկյունից սրանք տարբեր բաներ են»: