Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում բնակչության թիվը տասնյակ հազարներով պակասում է (տեսանյութ)

Հասարակություն
13589153_1057191617651568_1500210475_o

2016 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմել է 2 մլն 998 հազ: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվարի մեկի դրությամբ պակասել է 14 հազարով. «Ավելին, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բնակչության թիվը նվազել է եւս 4000-ով»,- նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը ու հավելեց, որ եթե նույն տեմպերը շարունակվեն, ապա մինչեւ մյուս տարվա հունվարի մեկը, բնակչության թիվը կպակասի եւս 16 հազարով: Այս ցուցանիշն, ի դեպ, հաշվարկում է ԱՎԾ-ն՝ 2011 թվականի մարդահամարի ցուցանիշի հիման վրա: Այդ թվին գումարվում է ծնելության թիվը եւ հանվում է մահացությունների թիվը: ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է՝ Հայաստանը այս վատ ցուցանիշով զիջում է միայն Մոլդովային ու Վրաստանին. «Կախվածության ցուցանիշով մենք 3-րդ տեղում ենք: Ադրբեջանը մեր համեմատ շատ ավելի լավ վիճակում է: Բնական աճով մենք զրոացել ենք, ու մեր կանխատեսումներով՝ մյուս տարի նեգատիվ ցուցանիշ կգնա, դրա պատճառները՝ ծնելիության անկումն է, միգրացիոն հոսքերը եւ ազգաբնակչության ծերացումը, վերջինը՝ հետագա տարիներին կխորանա»: Ըստ մասնագետների, մեր երկիրը գնալով դառնում է ծերացող, 2050 թվականին թվերն ավելի մտահոգիչ են լինելու: Սա ըստ պարոն Հայրապետյանի նշանակում է, որ մեր երեխաները չեն կարողանալու վճարել մեր կենսաթոշակների համար: ՄԱԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ Հայաստանում 25 – 30 տարեկան, հատկապես կանայք, ունեն գործազրկության բարձր աստիճան. «Հետաքրքիր է, որ ավելի խոցելի են համարվում քաղաքաբնակները, սա պայմանավորված է նրանով, որ բացի մի քանի խոշոր քաղաքներից , բոլոր մյուս քաղաքները ստեղծվել են որեւէ արտադրամասի շուրջ, որոնք այսօր այլեւս չկան», - նշեց Գարիկ Հայրապետյանը: