Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Ջհանգիրյանն ստիպում էր 70%-ից պակաս ձայն չբերել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Avetiq-Ishxanyan

«Ժողովրդին 3 անգամ պարտադրված Սահմանադրությունը որևէ լավ բան խոստանալ չի կարող»,-համոզված է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա  հուլիսի 5-ը  տոնական օր չի համարում՝ վերհիշելով, թե ինչ ընտրակեղծիքներով ու կոպիտ խախտումներով է  1995թ-ին ընդունվել առաջին Սահմանադրությունը, որն էլ հիմքն է դրել  այն Հայաստանի, որից պարոն Իշխանյանի գնահատմամբ՝ մինչ այսօր հասարակությունը դժգոհ է: «Մենք մի կողմից ունենք հռչակված իբր քաղաքացի-իշխանություն հարաբերություններ, բայց Սահմանադրությամբ ձևավորված իշխանության համակարգը տալիս է հպատակ-իշխանություն համակարգը,  իսկ Սահմանադրության 2-րդ գլխում քաղաքացու  իրավունքներն ու ազատություններն են հռչակված, բայց այս իրավիճակում  ինձ չի հետաքրքրում, թե 2-րդ գլխում ինչ է գրված, ու ինչպես «Մեռած պոետները» ֆիլմում է՝ ես պատռում եմ այդ 2-րդ գլուխը»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա և պատռեց այդ պահին պայմանական Սահմանադրություն հանդիսացող նոթատետրը։ Պարոն Իշխանյանն առանց կոնկրետ անուն նշելու պատմեց նաև, որ ինքն անձամբ է ականատեսը եղել, թե ինչպես էր այն ժամանակ  ԿԸՀ-ի բարձրագույն պաշտոնյաներից մեկը ստիպում 70%-ից պակաս ձայն չբերել։ «Տարբեր մարզերից զանգում էին ու ասում, որ հազիվ 20 % է , իսկ ԿԸՀ-ի պաշտոնյան ասում էր, որ մինչև 70% չսարքեք, ուրեմն չբերեք»,-նշեց Ավետիք Իշխանյանը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին դուր չեկավ, որ Իշխանյանը խոսում է առանց կոնկրետ անուններ ասելու։ Վերջինս նրան հորդորեց, որպեսզի Իշխանյանը 1995թ-ի Սահմանադրությունը կեղծող պաշտոնյայի անունը հրապարակի, ինչը Ավետիք Իշխանյանը չէր ցանկանում անել, սակայն ի վերջո ընդառաջելով Լևոն Մարտիրոսյանի հորդորներին՝  պարոն Իշխանյանը տվեց  անունը՝ Գագիկ Ջհանգիրյան, ով այն ժամանակ ԿԸՀ-ի փոխնախագահն էր։ «1995թ-ի Սահմանադրությունը քննություն էր մեր նորանկախ Հայաստանի համար, որը մենք այդպես էլ չբռնեցինք»,-ասաց իրավապաշտպանը։ Լևոն Մարտիրոսյանը համաձայն է այն տեսակետի հետ, որ այսօր Հայաստանում Սահմանադրությունը չի գործում, խախտված է  Սահմանադրության և հասարակության միջև եղած կապը, սակայն չի կիսում այն կարծիքները, թե դրա համար մեղավոր է միայն իշխանությունը կամ իրենց կուսակցությունը։ «Այսօր բազմաթիվ քաղաքացիներ Սահմանադրությունն իրենցը չեն համարում, սակայն դա չի նշանակում, որ այն չպետք է հարգել  կամ պահպանել»,-կարծիք հայտնեց Լևոն Մարտիրոսյանը և հավելեց. « Չիշտ չէ Սահմանադրության իրագործման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրագործումը բարդել այս կամ այն անհատի վրա կամ այդ պահին իշխող կուսակցության, քաղաքական ուժի վրա։ Կարելի է մտածել, թե բոլորի ուշքն այդպես գնում է Սահմանադրությունը պահելու վրա, իսկ մի քանի հոգի նրանց խանգարում են դա անել։ Չի կարելի այդպես ասել։ Կարծում եմ, որ բոլորս միասին աշխատելու տեղ ունենք»,-եզրափակեց նա՝ չմոռանալով շնորհավորել նաև այսօրվա տոնի կապակցությամբ։