Ներկայացվեցին Սերժ Թանկյանի երաժշտական նկարները (տեսանյութ)

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում այսօր տեղի ունեցավ HA-SS Fest ժամանակակից արվեստի փառատոնի բացման արարողությանը, որն առաջին անգամ է կազմակերպվում մեր երկրում: Փառատոնի անունը անգլերեն արտահայտության հապավում է, որը բացվում է հետեւյալ կերպ՝ Hearing art, Seeing Sound ( Տեսնել երաժշտությունը եւ լսել արվեստը):

Փառատոնի միջոցառումների կազմակերպիչ Աննա Դանիելյանն «Ա1+» -ի հետ զրույցում նշեց, որ փառատոնն, ըստ էության, երկու մասից է բաղկացած՝ նկարչական-երաժշտական եւ կիթառի փառատոն:

«Փորձել ենք սինթեզել նկարները եւ երաժշտությունը: Արտասահմանյան երաժիշտների հետ համագործակցության արդյունքում, որոնք գրեթե բոլորը Լոնդոնի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ են, ստեղծվել են այս հրաշալի կտավները : Փառատոնի նպատակը նկարչությունը եւ երաժշտությունը նոր հարթակի վրա հանելն է, ներկայացնելը այլ կոնցեպտում»,-նշեց նա՝ հավելելով, որ փառատոնին մասնակցում են 12 հայ հայտնի նկարիչներ, ինչպիսիք են՝ Դիանա Առաքելյանը, Գարիկ Կարապետյանը, Վահե Բերբերյանը եւ ուրիշներ:

Գարիկ Կարապետյանն, օրինակ, երկու կտավ է ներկայացրել, որոնց հիման վրա շվեյցարացի կոմպոզիտորը երաժշտություն է գրել: Մեզ հետ զրույցում նկարիչն ասաց, որ շվեյցարացին, ասես, ֆիքսել է իր հնչյունները.

«Նկարիչը նկարելուց միշտ ինչ -որ երաժշտություն ունի իր մտքում, բայց դա երբեք նկար չի դառնում, որովհետեւ դա երաժշտություն է, բայց այն հաճախ օգնում է նկարչին կամ նրա հետ է լինում մինչեւ նկարի ստեղծվելը: Այս դեպքում ես զգացի մի կարեւոր բան. կոմպոզիտորը, որը գրել էր երաժշտությունը, կարծես, ֆիքսել էր հենց այդ հնչյունները»:

Ի դեպ, երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաեւ աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանի երաժշտական նկարները եւ նրա հեղինակած՝  Eye For Sound բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր է «լսել» կտավները:

HA-SS Fest-ը կտեւի մինչեւ հուլիսի 9-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: