Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուժման նոր մեթոդը կկանխի նորածինների նևրոլոգիական շեղումները (տեսանյութ)

Հասարակություն
bjshkakan

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացումը» թեմայով միջազգային համաժողովը, որի ընթացքում նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հրանտ Կալենտարյանը ներկայացրեց  նորածինների թերապեւտիկ հիպոթերմիայի գործածման իրենց առաջին փորձի արդյունքները: Նրա խոսքով՝ չափավոր հիպոթերմիան կարող է լավացնել երեխայի ապրելիությունը, ինչպես նաեւ կանխել նևրոլոգիական շեղումները: Հետազոտությունը թույլ է տվել նաեւ բժիշկներին պարզել մի կարեւոր բան. «Ամենակարեւոր եզրակացությունը, որ մենք այս բուժման մեթոդը կիրառելիս ստացանք, բարդության վտանգի բացակայությունն է: Որեւէ լուրջ բարդություն չենք ունեցել»: Նրա խոսքով՝ հիպոթերմիայի բուժում ստացած իրենց առաջին հիվանդն արդեն 1,5 տարեկան է, բայց դեռ վաղ է խոսել արդյունավետության մասին: Հրանտ Կալենտարյանը նշեց նաեւ, որ համաշխարհային պրակտիկայում այս բուժումն արդեն ստանդարտ կիրառվում է եւ ապագայում Հայաստանում էլ իրենք փորձելու են ներդնել այն: «Տարբեր հեղինակների տվյալներով՝ հիպոթերմիայի բուժում չստացած երեխաների 20-50 տոկոսի մոտ լուրջ նեւրոլոգիական  շեղումներ կան»,-նշեց բժիշկը: Համաժողովը կազմակերպել էր  Հայկական ակնաբուժության նախագիծը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման» ծրագրի շրջանակներում եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ: