«Կարողացել են կոտրել եւ ցանկալի ցուցմունք կորզել Սեֆիլյանի դեմ»
Հունիսի 20-ին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ բացի առերես հարցաքննությունից, որեւէ այլ գործողություն չի կատարվել: «2 հոգու վրա ազդեցություն ունենալով՝ կարողացել են կոտրել եւ իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզել»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Ըստ պաշտպանի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի տրամադրությունը լավ է: Ի դեպ, պաշտպանական կողմը բողոքարկել է Սեֆիլյանին կալանավորելու որոշումը, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Առիթը եղել էր այն, որ մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Դեպքի հետ կապված հարցաքննության է կանչվել նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը: Նրա խոսքերով՝ ամեն կերպ փորձում էին կապ գտնել մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ իր միջեւ: «Ինձ նաեւ տեղեկացրին, որ ես որպես կասկածյալ կարող եմ ցուցմունք չտալ, քանի որ մեր տանն արդեն խուզարկություն է կատարվել: Ասեցի՝ բերեք հիմքը, որ ես որեւէ կապ ունեմ»,- ասաց Գագիկ Եղիազարյանը: Դրանից հետո ակտիվիստին ասել են, որ ազատ է եւ կարող է գնալ: