Անօդաչու սարքեր՝ Արզնի օդանավակայանում (տեսանյութ)
Արզնի օդանավակայանի տարածքում այսօր մի շարք դպրոցականներ ու ուսանողներ երկինք բարձրացրին իրենց ստեղծած անօդաչու թռչող սարքերը: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեց 10 թիմ:
Արման Թումանյանը, որը ներկայացնում էր «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունը, մրցույթին մասնակցում էր քառապտուտակով, որի խնդիրն էր մեխանիկորեն կատարել թռիչք, հասնել թիրախին, գցել նռնակն ու վերադառնալ ելման կետ. «Մեր սարքը ռազմական նշանակություն ունի. առանց մեր միջնորդության կարող ենք ուղարկել ավելի հեռուն, քան իր ընդունիչներն են: Եթե նրա շարժիչն աշխատում է մինչեւ մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա, ապա ես կարող եմ նրան խնդիր առաջադրել, որ նա գնա 10 կիլոմետր հեռու, կատարի իր գործողությունն ու վերադառնա ելման կետ: Հիմա մեր սարքը պատրաստել ենք մի նռնակ նետելու համար, բայց խնդիր չէ՝ մի քանի նռնակ ավելացնելը՝ մինչեւ 3-4 նռնակ»:
Իսկ պայմանական թշնամուց աննկատ մնալու համար Արման Թումանյանը եւս լուծում է գտել՝ քառապտուտակների ձայնը 60-70 մետրից էլ չի լսվում. «Սարքը հնարավորություն ունի մինչեւ մեկ կիլոմետր բարձրության վրա թռչել, եթե մենք իրեն ղեկավարենք»:
Արման Թումանյանն իր սարքը ստեղծել է մոտ մեկ ամիս ու բազմաթիվ փորձարկումներ է այն անցել. «Փորձարկումների ժամանակ հիմնական խնդիրն առաջացել էր կոորդինատների հետ կապված՝ տվիչը՝ GPS, կոորդինատները ճիշտ չի հաղորդում, եւ սարքը չի կողմնորոշվում ինչ արագությամբ ու ինչ ուղղությամբ գնա»:
Քանի որ նրա սարքը ռազմական նշանակության է, Արման Թումանյանը չի բացառում, որ կդիմի նաեւ Պաշտպանության նախարարությանը՝ համագործակցության նպատակով:
«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթն իրականացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Ինչպես լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ծրագրի իրականացնողներից «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը՝ իրենց ընկերությունը մշտապես լինելու է ՀՀ ռազմաարդյունաբերական ոլորտի նախնական փուլում ձեւավորվող նման խմբակների աջակիցը. «Սա նոր սկիզբ է մեր ռազմաարդյունաբերության, եւ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք սրա կարիքը շատ ունենք: Շատ ուրախ եմ, որ նախաձեռնությունը սկսել ենք ապրիլյան պատերազմից շուտ, այսինքն՝ մենք մշտապես գիտակցել ենք ու փորձել ենք այդ ամենը անել: Կարծում եմ՝ այս ուղին մենք պետք է զարգացնենք, քանի որ սա մեր երկրի ապագան է եւ ռազմաարդյունաբերության հիմքն է: Նաեւ կարեւորն այն է, որ այսօր ռազմաարդյունաբերությունում ավելի շատ միտքն է աշխատում, քան երկաթային մեծ լուծումները»։
Իսկ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի խոսքերով՝ այս մրցույթը հասարակությանն է ուղղված, որ ռոբոտաշինությանն էլ ավելի զարկ տան:
