Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիան կփորձի ՌԴ-ի միջոցով ազդել ԼՂ հիմնախնդրի վրա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rus-turk-nkar

Ռուսաստանն աստիճանաբար կվերացնի  Թուրքիայի նկատմամբ սահմանած առևտրա-տնտեսական պատժամիջոցները։ Վլադիմիր Պուտինն արդեն հանձնարարություն է տվել կառավարությանը՝  քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս հանձնարարականին նախորդել էր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը Վլադիմիր Պուտինին, որով ներողություն էր հայցում  նոյեմբերին խոցված ռուսական ուղղաթիռի օդաչուի ընտանիքից։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշում է. «Ռուսաստանը բավական լուրջ շրջապատման մեջ է, ակնհայտ է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ շարունակել իր կողմից Թուրքիայի շրջափակումը, Ռուսաստանն ուզում է այդ իզոլյացիայից դուրս գալ»։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ավելացնում է. «Թուրքիան կանգնած է աշխարհաքաղաքական առումով ծանր իրավիճակի առաջ, դա մեկուսացումն է և փորձ է արվում Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից փորձել խուսափել այդ իրավիճակից»։ Ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը բխում է երկու պետությունների շահերից։ Նրանք աշխարհաքաղաքական այսօրվա պայմաններում ունեն միմյանց կարիքը։ Ռուսաստանը նաև չի հրաժարվում ի դեմս Թուրքիայի՝ ունենալ լավ դաշնակից ընդդեմ Եվրամիության։ «Ռուս-թուրքական հարաբերությունները, կարող ենք ասել, մի փուլ են նորից վերադառնում, երբ երկու երկրները իրար վրա չեն կրակում, սուր հակամարտություն չկա, բայց հակամարտությունը ռազմավարական առումով պահպանվում է»,- ասում է թուրքագետը։ Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների հերթական փոփոխությունը Հայաստանի վրա։ Ստեփան Գրիգորյանը նշում է.  «Ռուսաստանի բարելավումը տնտեսական ոլորտում Թուրքիայի հետ չեմ կարծում, որ խփում է մեր շահերին, ի վերջո՝ այս ձևի լարված վիճակը մեզ ձեռնտու չէ։ Դրանից հետո կհետևի՞ քաղաքական մերձեցում քաղաքական հարցերում, ոչ միայն Ղարաբաղի հարցում, նաև Սիրիայի հարցում, այստեղ է, որ պետք է հետևենք»։ Ըստ քաղաքագետի՝ հարաբերությունները բարելավելուց  հետո Թուրքիան կփորձի Ռուսաստանի միջոցով  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդեցություն ունենալ։ Այս մասին կարելի է եզրահանգել՝ հաշվի առնելով պատմության դասերը։ «20-ական թվականներին մերձեցումը բերեց հայ ժողովրդի տարածքների կորուստի, նույն վտանգը հիմա էլ կա։ Ռուս-թուրքական հարաբերություններում ամեն ինչ կարող է լինել, շատ կարճ ժամանակ իրենք կարող են ունենալ ընդհանուր շահեր և միշտ վտանգը կա»,- ասում է պարոն քաղաքագետը։ Ստեփան Գրիգորյանի վստահեցմամբ՝ պետք է անհանգստանալ ոչ թե ռուս-թուրքական հերթական մերձեցումից, այլ Հայաստանի իշխանությունների կողմից այդ դաշինքից եկող վտանգները չտեսնելուց ու քայլեր չձեռնարկելուց։