Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիստներն՝ ընդդեմ Yandex-ի եւ GG-ի (տեսանյութ)

Հասարակություն
beglaryan-1

Այսօր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել անհատ տաքսիստներն ընդդեմ՝ Yandex եւ GG տաքսի ծառայությունների գործունեության, որի տաքսիստները երթեւեկում են առանց համապատասխան լիցենզիայի եւ հարկեր վճարելու։ Տաքսու վարորդները պատրաստվում էին հանձնել իրենց լիցենզիաները, սակայն նրանց մոտեցավ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ծանոթանալով խնդրին՝ նախարարը նշեց։ «Մենք առաջարկում են օրենքով կարգավորել այս հարցը, մշակել օրենքի նախագիծ՝ հաշվի առնելով ոչ միայն տաքսու վարորդների, այլեւ ժողովրդի կարծիքը։ Տարիներ առաջ, հաշվի առնելով, որ վարորդները սոցիալապես ծանր վիճակում են, ընդառաջ գնացինք նրանց, սակայն արդյունքում տուժեց ժողովուրդը։ Մենք հաշվի ենք առնում վարորդների կարծիքը, բողոքները, սակայն երբեք չենք լսում, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Ես որ ժողովրդի հետ խոսում եմ, շատ վարորդներ ընդհանրապես խոսելու, բողոքելու տեղ չունեն։ Սփյուռքահայը կամ զբոսաշրջիկն ի՞նչ մեղք ունի, երբ գալիս ու տեսնում է անորակ տաքսի։ Բացի այդ, շատացել են խաբեբաները։ Դրա դեմն առնել է պետք։ Օդանավակայանից մինչեւ այստեղ տարբեր գներ են ասում։ Մարդը հրապարակից նստում է, որ գնա Սայաթ-Նովա, տանում են սկզբում Էրեբունի, հետո նոր այդ փողոց»։ Վարորդներն, ինչ խոսք, համաձայն էին նախարարի հետ՝ նշելով, որ իրենք հասկանում են, որ անպատասխանատու վարորդների պատճառով արատավորվում է տաքսիստների համբավը, բայց եւ չեն կարող համակերպվել մենաշնորհի դեմ, որից, ըստ նրանց, օգտվում են GG-ն եւ Yandex-ը։ Այս առումով Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ պահանջ են դնելու այդ ընկերությունների առաջ, որպեսզի պայմանագիր կնքեն միայն լիցենզիա ունեցող վարորդների հետ։ «Մենք դա 100 տոկոսով կապահովենք։ Եթե նրանք չեն ապահովի այդ պահանջը, օրենքով պատասխան կտան։ Պատրաստ ենք 24 ժամ քննարկել ձեզ հետ բոլոր խնդիրները»,-ասաց նախարարը, ում հեռանալուց հետո տաքսու վարորդները պատրաստվում են իրենց հարցերը բարձրացնել հանրային խորհրդում։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ պետք է պատժվեն  բոլոր նրանք, ովքեր, իր խոսքով, բիզնես ցեղասպանություն են իրականացրել ոլորտում։ «Պարոն նախագահ, խնդրում եմ պատժել կառավարության այն անդամներին, որոնք  արդեն 7 տարի Հայաստանում՝ այս ոլորտում, բիզնես ցեղասպանություն իրականացրեցին, որը հաշվարկվում է 100-150 միլիոն դոլարի վնաս։ Եվ հիմա վերջնական դահիճն է եկել՝ Yandex-ն ու GG-ն, որ նրանց վերջնական կոտորի»,- Սերժ Սարգսյանին է դիմում Տիգրան Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանի այն դիտարկումներին, թե ժողովուրդը դժգոհ է վարորդներից եւ տաքսի ծառայության որակից, ապա, անհատ վարորդ Ռաֆիկ Ստեփանյանի խոսքով, նախարարը ճիշտ է. «Ես ինքս  ջղայնանում եմ, երբ տեսնում եմ, որ  ոչ սթափ վիճակում են նստած ղեկին, կամ երբ ժամերով խոսում են ուղեւորի հետ։ Նրանք դրա իրավունքը չունեն։ Այլ բան է, որ ուղեւորը հարց տա, պատասխանես, բայց իրենց քաղաքագետի տեղ դրած՝ քննարկումներ են անում, վերջում էլ  մինիմալի համար 1000 դրամ վերցնում։ Նրանք մեր անվան հետ են խաղում։ Ոլորտը պետք է մաքրել այդ վարորդներից»։