«Մարտի 1-ի զոհերի արյունը քյաշ փողով տվել եք, քյաշ պաշտոններով» (տեսանյութ)
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից քիչ առաջ հայտարարեց. «Այն բանից հետո, երբ ԸՕ առաջին ընթերցման ժամանակ ես հայտարարեցի, որ ՀՀ-ում պետք է լինի մեկ ընդդիմություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է լինել այդ ընդդիմությունը, այս դահլիճում սկսել են հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ։ Այս դահլիճից ճիչեր են արձակում՝ թե բա գիտեք, ոմանք հավակնում են լինել եզակի և մեկ։ Կներեք, բայց ո՞վ պետք է հավակնի, դո՞ւք պետք է հավակնեք, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ ուս ուսի տված Հայաստանի բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով։ Ընտրակեղծիքների ամենամեծ դաշնակիցն եք եղել երկար տարիներ և շարունակում եք մնալ»։ Նա հերթով անդրադարձավ գրեթե բոլոր քաղաքական ուժերին՝ առանց անուններ նշելու։ «Այստեղ քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում է՝ գիտեք, մենք քաղաքական ուժ ենք։ Ավանդական, այնքան ավանդական է այդ քաղաքական ուժը, որ վերջին մեկ տարվա իրենց խնդիրն իրենց անունը փոխելն է, իրենց անունից ազատվելը։ Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, այսպես որ շարունակվի, կարող է անուն-ազգանուններն էլ փոխեն, բեխ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց։ Մի հատ էլ ասում է՝ եկել են, այստեղից խոսում են, դեռ հայտնի չի՝ Ընտրական օրենսգիրքը կարդացել են, չեն կարդացել։ Ու սա ասում է մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամներն օրական տասն անգամ ինչ-որ տեղ գրված թղթի վրայից դողդողալով այստեղ հարց են տալիս ու ելույթ ունենում։ Դուք տանձ ու խնձորից խոսեք։ Մի հատ էլ եկել, ասում են՝ ինչո՞ւ միասնական չի ընդդիմությունը։ Սերժ Սարգսյանի վաստակավոր և երկարամյա հաճախորդների հետ միասնական լինելու չենք ունեցել, չունենք և չենք ունենալու։ Մի հատ էլ մեզ ասում են՝ գործընկերների հասցեին բան է ասում. մենք ձեզ ի՞նչ գործընկեր. ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը գործընկեր»։ Պարոն Փաշինյանը հիշեց նաև, որ ամբիոնից հորդորում են պայքարել իշխանության դեմ։ «Ինչի՞ համար պայքարենք, որ արդյունքում երկու նախարարի, չորս փոխնախարարի պորտֆե՞լ ստանանք, Կոնյակի գործարան, հեռուստատեսություն ու չգիտեմ ինչ»,-նկատի ունենալով «Օրինաց երկիր» կուսակցությանը,-նշեց նա։ «Շիշը կտամ գլխիդ, այ համբալ»,-տեղից արձագանքեց ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը։ «Վալերիանկա չկա՞ այդտեղ։ Հանգստացի՛...»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, շարունակելով. «Մոռացե՞լ եք, որ մինչև 2014 թիվը կոալիցիայի անդամ, բերաններդ ջուր առած երկու տարի կոճակ եք սեղմել։ Դա՞ գիտի ժողովուրդը, թե՞ գիտի, որ Մարտի 1-ի զոհերի արյունը «քյաշ» փողով տվել եք «քյաշ» պաշտոններով»։