«ՀՀ-ում ռուսական ինքնաթիռները նույնիսկ 1 մետր չեք կարող տեղաշարժել» (տեսանյութ)
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է ՀՕՊ համաձայնագրին։ ԱԺ-ում քիչ առաջ նա նշեց. «Պետք է արձանագրել, որ հայ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, քաղաքական շրջանակներում կա որոշակի կարծիք և վարկած, որ 4-օրյա պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Ինչո՞վ է հիմնավորվում այս տեսակետը, այստեղ կա վերլուծություն և փաստեր։ 2008 թվականին Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ձեռնարկած միջոցառումներից հետո, որևէ մեկն այս տարածաշրջանում չէր կարող այդպիսի ռիսկի գնալ և մարտական գործողություններ ձեռնարկել, եթե երաշխիք չունենար, որ Ռուսաստանն առնվազն պահպանելու է չեզոքություն։ Առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը հարձակվում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող սուբյեկտի վրա»։ Պատգամավորը ներկաներին հարցրեց՝ Ադրբեջանն առյուծի սի՞րտ էր կերել և ինքն էլ պատասխանեց՝ իհարկե, ոչ։ «Եթե համարենք, որ Ադրբեջանն առյուծի սիրտ էր կերել ու հարձակվեր, դրանից հետո Ռուսաստանն առնվազն պետք է հայտարարեր, որ սառեցնում է Ադրբեջանին զենքի վաճառքը, մինչև հանգամանքները պարզվեն։ Բայց հենց 4-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակելու է զենքի վաճառքը։ Սրան հակառակ Հայաստանն ամենավճռական պահին չունեցավ և մինչև օրս էլ չունի այն զինամթերքը, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է մատակարարեր 1 տարի առաջ վավերացված պայմանագրով։ Եվ այս պարագայում ասել, որ պետք է Ռուսաստանին գալ շնորհակալություն հայտնել...։ Այնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, երևի մի քիչ դոզան անցել ենք։ Եկեք շնորհակալությունները ֆիքսենք, արձանագրենք ու մտածենք՝ ի՞նչ է կատարվում»։ Նիկոլ Փաշինյանը եզրակացրել է, թե ինչ կլինի, եթե ՀՕՊ համաձայնագիրը վավերացվի։ «ՀՀ-ում ռուսական ինքնաթիռները գետնի վրա նույնիսկ 1 մետր չեք կարող տեղաշարժել, դուք եկել, ասում եք՝ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժը օդ է բարձրանալու. թան էլ չէ, բրդած մածուն ձեզ։ Մի հատ էլ ասում են՝ այդպես գրված է։ Մեկ էլ ասում են՝ Ռուսաստանը տիեզերական հետախուզության տվյալները փաթաթելու է, տա Հայաստանին։ Լո՞ւրջ եք խոսում։ Պատերազմի ժամանակ մեր հետախուզությունը տվել է հարձակման վտանգ, ռուսական հետախուզությունն ասել է՝ վտանգ չկա»։