Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է. փոխնախարար

Քաղաքականություն
hop-nkar

ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագրի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  կոչ արեց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին ավելի բաց խոսել, որպեսզի բարեխիղճ մոլորության մեջ գտնվող քաղաքացիները, որոնց մի մասն այս պահին ԱԺ մոտ է, լավ ընկալեն՝ իրականությունը որն է. «Որպեսզի նրանք հասկանան՝ ոչ թե մեր անվտանգությունը հերթական անգամ վաճառում ենք ՌԴ-ին, այլ ստանում ենք լրացուցիչ իրավունք՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսական բազայի կործանիչ ավիացիայի ներուժը օգտագործելու: Մի՞թե չի կարելի պարզ, հստակ բացատրել, խոսքս միտումնավոր խեղաթյուրողներին բացատրելու մասին չէ, քանի որ գիտենք՝ նրանք ՀՀ-ում ում միջնորդությամբ ու ֆինանսավորմամբ ինչ խնդիրներ են լուծում: Սակայն կա մի մեծ խումբ, որին միգուցե մենք լավ չենք բացատրում, միգուցե լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն կա»: Տիկին Զոհրաբյանը նկատեց, որ պատահական չէ, որ այս պայմանագրից դժգոհ է նաեւ Ադրբեջանը, ու ադրբեջանական մամուլը մեծ պանիկա է բարձրացրել. «Պետք է այս ամենի մասին խոսել բաց, որ մեր քաղաքացիները հասկանանան իրերի իրական դրվածքը»: Արա Նազարյանը համամիտ էր նրա խոսքերի հետ. «Ուզում եմ բարեխիղճ մոլորության մեջ գտնվող քաղաքացիների համար հայտարարել, որ որեւիցե մտահոգիչ խնդիր այս համաձայնագիրը չի կարող առաջացնել ՀՀ անվտանգության համար: Իսկ մյուս խումբ մարդկանց ասելու բան չկա, քանի որ թյուր ինֆորմացիա են շրջանառում՝ երեւի իրենց մանր շահերից ելնելով»: ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին հետաքրքրվեց՝  ղարաբաղյան հնարավոր ընդհանրման ժամանակ՝ հայ-ադրբեջանական բախման դեպքում, այդ ռուսական ռազմաբազայի այդ հնարավորությունից չե՞նք կարողանալու օգտվել: «Համաձայնագիրը վերաբերում է ՀՀ-ՌԴ-ին: Ամեն դեպքում այս համաձայնագրի դրույթները չեն տարածվելու ԼՂՀ մասով: ԼՂՀ դեպքում մենք ունենք մեր ՀՕՊ միջոցները, քանի որ մենք ենք դոկտրինայով ԼՂՀ անվտանգության երաշխավորը»,- նշեց Արա Նազարյանը: «Եթե պատերազմական իրավիճակ է ու ՀՕՊ խնդիր ունենք ԼՂՀ-ում, մենք այս համաձայնագրով հնարավորություն կարո՞ղ ենք ունենալ կամ սահմանափակում կլինի՞ մեր՝ ՀՀ ՀՕՊ հնարավորությունն օգտագործելու առումով»,- ճշտեց Լյուդմիլա Սարգսյանը: Արա Նազարյանն ընդգծեց, որ բացարձակապես չկա սահմանափակում մեր ՀՕՊ կիրառման առումով. «Մենք հիմա էլ ենք պատրաստ մեր ՀՕՊ հնարավորություններն օգտագործել ԼՂՀ-ում, որոնք բարձր մակարդակի վրա են: Իսկ այս համաձայնագրով նախատեսվածն ուղղակի լրացուցիչ ռեսուրս է, երբ ՀՀ սահմանի վրա ոտնձգություն լինի: Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի, իհարկե Աստված չտա, որ ինչ-որ բան լինի»: