Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվողն անգամ նրա անունը չի հնչեցրել (տեսանյութ)

Քաղաքականություն
jiro

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը դիմել է վերաքննիչ դատարան՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու համար: Արա Զաքարյանը որպես հիմնավորում  ներկայացրել է, թե չկան բավարար ապացույցներ Սեֆիլյանին կալանավորելու համար: Պաշտպանական կողմը Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը  համարում է քաղաքական պատվեր՝ նրա քաղաքական հայացքների համար, հատկապես տարածքների կորուստի մասին նրա հայտարարությունների համար: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը շարունակում է հրաժարվել ցուցմունք տալ։ Նա երեկ առերեսվել է քրեական գործով  անցնող եւս մեկ անձի հետ, ում անունը Արա Զաքարյանը դեռ չի հայտարարում. «Այդ անձը, ում հետ առերեսում տեղի ունեցավ երեկ, նրա պահվածքից կարելի է ենթադրել, որ նրա նկատմամբ կիրառվել են ճնշումներ, չեմ բացառում նաև ֆիզիկական։ Քննչական մարմինը երեւի մյուս մարդկանց վրա էլ է ճնշում գործադրել, չեմ բացառում, որ նրանց առջեւ դրել են  քրեական օրենսգիրքը եւ սպառնացել, որ եթե ցուցմունք չտան, ապա նրանք էլ կմեղադրվեն»: Արա Զաքարյանը նշեց, որ ցուցմունք տվող անձը մինչեւ  առերեսումը նորմալ խոսել է իր հետ, իսկ առերեսման ժամանակ միանգամից փոխվել է. «Առերեսման ընթացքում կցկտուր մտքեր էր արտահայտում, Ժիրայր Սեֆիլյան անուն- ազգանունը առհասարակ չէր կարողանում ասեր, հայացքը դեպի ներքեւ էր  ուղղված,  իսկ քննիչը ստիպված էր բազմաթիվ հարցերի օգնությամբ  պինցետով քաշել բառերը նրա բերանից»: Ի դեպ, քննիչը թույլ չի տվել Արա Զաքարյանին  հարցել ուղղել այդ անձին, ոչ էլ հնարավորություն է տվել միջնորդություններ ներկայացնել, որ իրենց հարցերը քննիչն ուղղի: Ժիրայր Սեֆիլյանը նաեւ  ցանկություն է հայտնել, որ  իր փաստաբանների խմբի մեջ ներառվի նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը, սակայն քննչական մարմինները թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ Վարուժան Ավետիսյանը պետք է որպես վկա հարցաքննվի: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նմանություններ տեսնում են նրանք Ժիրայր Սեֆիլյանի գործի ու ամիսներ առաջ ԱԱԾ-ի  բացահայտած «Հանցավոր խմբի» գործի մեջ, քանի որ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունների տեքստերն այս երկու գործերով նման էին իրար, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Այո, նմանություններ տեսնում ենք բոլորս, ակնհայտ է: Այն ժամանակ էլ էին ուզում կապել այդ գործը Ժիրայր Սեֆիլյանի հետ, բայց չստացվեց: Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հավանականությունը շատ մեծ չէ, իրենք այդպիսով իրենց գործը կբարդացնեն, բայց քանի որ իրենց գործողություններում տրամաբանություն չկա, չեմ բացառում»: