Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեզ միայն խփելով կարելի է հանել այստեղից և ուղարկել» (տեսանյութ)

Քաղաքականություն
zara

ԱԺ արտահերթ նիստին այսօր Ընտրական օրենսգրքի 1-ին ընթերցմամբ քննարկմանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նյարդերը երբեմն տեղի էին տալիս: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան, թե ինչու է այնպես լինում, որ ընտրությունների միջոցով իշխանություն չի լինում փոխել ՀՀ-ում, այն պարագայում, երբ ժողովուրդն անընդհատ դժգոհ է իշխանություններից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, այս ընդդիմադիր կեցվածքը մարդու ուղեղի հիշողության հատվածը կտրում է, ջնջում է, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ինչ-որ մի պահի դուք էլ եք եղել այդ նույն իշխանությունում»: Պարոն Հարությունյանը նաեւ հայտարարեց՝ երբ խոսում է ԸՕ մասին, ինքը սովորություն չունի քաղաքական բարձր թեմաների անդրադառնալ ու խոսել այն հարցերի մասին, որոնք բացարձակապես որեւէ արժեք չեն ներկայացնում: Միքայել Մելքումյանը սկսեց տեղից արձագանքել, որին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց. «Ճիշտն ասած՝ ես չէի սպասում, որ դուք էդքան հուզական եք արձագանքելու ցանկացած նախադասությանը: Ես նպատակահարմար չեմ համարում արձագանքել ձեր բարձրացրած հարցերին՝ համարելով, որ դրանք բացարձակապես տեղին չեն»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նրան հարց ուղղելով՝ հետաքրքրվեց. «Կարո՞ղ եք բացատրել քաղաքացիներին՝ այդ ինչպե՞ս է լինում, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունենում՝ անընդհատ նույն քաղաքական ուժն ու նույն անձինք մնում են իշխանության մեջ, չնայած նրան, որ նրանց կյանքն ավելի վատթարանում է, արտագաղթն ավելի է շատացել, աղքատությունն ահավոր չափերի է հասել, աշխատանք չունեն: Այս ամենին գումարվել է չորսօրյա պատերազմը»: «Հասարակությունը միգուցե հասկանում է այդ ամենը, սակայն մեկ-մեկ լսում է ձեր ելույթները ու հիասթափվում՝ հասկանալով, որ ավելի լավ է իշխանությանը ձայն տալ»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը: «Դուք սխալվում եք, ձեզ ձայն չեն տալիս, քանի որ ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ որքան ցանկանաք, այնքան կխփեք: Դուք զբաղված եք միայն խփելով, ձեզ միայն խփելով կարելի է հանել այստեղից ու ուղարկել»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Ես կարող եմ միայն տղամարդկանց պատասխանել նույն կերպ, թեեւ ոչ բոլոր դեպքերում: Ներող եղեք ես չարձագանքեմ ձեր հարցադրում-ելույթին: Իսկ ներողություն ձեզնից չեմ խնդրում»: