Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե քո կյանքից բան ունես պատմելու, պատմիր այնպես, ինչպես կա. «Զամբո»-ն լույս է տեսել

zambo

Հունիսի 24-ին, ժամը 18-ին ՆՓԱԿ-ում տեղի կունենա Լեւոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված են հեղինակի 30 պատմություն եւ «Քյապի Դամեն» վիպակը: Հրավիրված են գրողներ, արվեստի, մշակույթի գործիչներ, լրագրողներ: Ընթերցասեր հետաքրքրված հասարակության մուտքն ազատ է: «Զամբոն» հեղինակի արձակ գործերի առաջին ժողովածուն է: Գրքի նկարազարդումները եւ շապիկի ձեւավորումը հեղինակինն են: «...Ես անարդար բան եմ համարում անձնական զգացողությունները կամ դիպվածները վերագրել այլ անձանց եւ երրորդ դեմքից գրել այդ պատմությունները կամ վեպերը: 15-20 տարի առաջ ես էլ էի այդպես գրում, ինձ պատահած շատ բաներ գրել եմ երրորդ դեմքից: Հետո համոզվեցի, որ ոչ մի անարդար կամ ամոթալի բան չկա, եթե պատմությունները շարադրվեն առաջին դեպքով, ճշմարիտ է, ոմանք կարող են դա մեծամտություն, եսակենտրոնություն կամ պարծենկոտություն համարել, սակայն, դա մանրուք է, համարում եմ, որ, եթե մարդն իր կյանքից բան ունի պատմելու, պիտի պատմի այնպես, ինչպես կա, այն բառերով, որոնք գալիս են լեզվին, այն ջանքով եւ զգացմունքայնությամբ, ինչն ազատորեն զգում եւ ապրում է, առանց շպարի եւ դեկորի: Հասա այնտեղ, որ անձնական պատմությունները երրորդ դեմքով պատմելը կեղծավորություն համարեցի: Այս գրքում «Զամբո», «Ալբանական գիշերահավասար», «Նարիմանով», «Ստալագմիտ» պատմությունները հեշտությամբ կարող էի գրել երրորդ դեմքով, միջին դասական պատմվածքի ֆորմատով, բայց քանի որ դրանք իմ անձնական փորձն էին, իմ անձնական պատմությունները ու զգացողությունները, համարեցի, որ շատ ավելի ազնիվ կլինեմ ընթերցողների առաջ, եթե շարադրեմ հենց այնպես, ինչպես եղել է, իհարկե սիմվոլիզմը, զանգվածեղ փոխաբերությունները, ժամանակի եւ տարածության խզումները կամ սինթեզը ներառյալ: Սրանք հենց նրանք են, որոնք խառնածին եմ համարում՝ սամբո, կամ զամբո, դրանցում անձնական դիպվածները ձուլված են չափավոր հորինվածքի հետ, դրանք իրարից զատելիս ուղղակի սատկում են...»,- բացատրում է հեղինակը: Հեղինակը Գյումրու ավագանու անդամ է, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն է,  ապրում է Գյումրիում: Շնորհանդեսի ժամանակ լինելու է գրքի վաճառք եւ հյուրասիրություն: Հունիսի 27-ից գիրքը կլինի գրախանութներում: