Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիթառի օրեր՝ Երևանում (տեսանյութ)

Մշակույթ
kitar

Ճանաչված երաժիշտներ` յոթ մասնակից երկրներից, հետաքրքիր համերգային ծրագրեր, որոնք կընդգրկեն  դասական կիթառի ամենատարբեր ժանրեր, նաև վարպետության դասեր, որոնք, ի դեպ, բաց կլինեն բոլոր ցանկացողների համար:  Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության նորաբաց դահլիճում վարպետության դասընթաց կանցկացնի Հյուբերթ Քեփփելը, հունիսի 30-ին՝ Դմիտրի Մուրինը` «Այբ» դպրոցում: Այս  ամենը` Երևանում կայանալիք կիթառի միջազգային փառատոնի շրջանակներում հունիսի 28-ից հուլիսի 1-ը: Կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնը դեռևս երկրորդ անգամ է անցկացվում, սակայն արդեն իսկ ճանաչում  է ձեռք բերել, և Փառատոնի գեղարվեստական ղեկավարի ՝Ժորա Սարգսյան խոսքով  ապագայում նախատեսում են այն դարձնել մրցույթ-փառատոն: Բացման համերգին ելույթ կունենա փառատոնի գլխավոր հյուր Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիայի, ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիր, ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելը: Փառատոնային երկրորդ համերգին հունիսի 29-ին ելույթ կունենա Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրեն, կիթառահար Դմիտրի Մուրինը: Փակման երեկոյին հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը: