Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայում զինվորի բուժումը դադարեցվել է գումարի պատճառով

Հասարակություն
Baxshyan-Armani-papa-nkar

Գրեթե 10 օր է՝ Գերմանիայում բուժվող 19-ամյա զինվորի՝ Արման Լազգիյանի բուժման կուրսն, ըստ էության, դադարեցված է։ «Երեխաս ուղղակի պառկած է։ Առանձնապես բուժում չի տարվում, քանի որ մեկ ամսվա բուժման համար գերմանական կլինիկային փոխանցված գումարը սպառվել է»,-այսօր նշեց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ Նա մի քանի օր առաջ է Գերմանիայից վերադարձել, դիմել պատկան մարմիններին, սակայն որևէ արձագանք դեռ չի ստացել։ «Սերժ Սարգսյանին եմ դիմել, որը մեր երկրի թիվ 1 հարց լուծողն է։ Ոչ մի պատասխան չկա։ Բազմաթիվ այլ տեղեր եմ դիմել։ Հիմա նույնիսկ խոսակցություններ եմ լսում, թե գուցե նեղացած են։ Ի՞նչ է՝ ինձնից պետք է նեղանա՞ն, որ ասել եմ՝ համակարգը չի աշխատում։ Դուք գետինը չե՞ք մտնում։ Մենք ինչ ենք արել ձեզ»,-նշեց վիրավոր զինվորի հայրը։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, որը Արմանի բուժման ամբողջ ընթացքին հետևում է, անդրադարձավ կառույցների անգործությանը. «Մենք որպեսզի չքննարկենք, պետք է տեսնենք, որ օրենքն աշխատում է։ Հարցում ուղարկեցինք և տեղեկացանք, որ Էրեբունի բժշկական կենտրոնին, որտեղ Արմանը 50 օր բուժվել է, նույնիսկ պետպատվերի գումարը չի փոխանցվել»։ Իսկ զինվորի հայրը շեշտում է՝ իրենք պետությունից գումար չեն ուզում, բայց այդ պետությունը պետք է գոնե իր գործառույթները կատարի. «Ես պետությունից ինչ-որ տեղ վիրավորված եմ. ինչո՞ւ, որովհետև Արմանիս դեպքից հետո պետությունն առաջինը կդիմեր գերմանական կլինիկա։ Բայց ես՝ որպես անհատ եմ դիմել, խոսել»։ Հիմա Արմանի ծնողների և հարազատների միակ հույսը ժողովուրդն է. «Կան երիտասարդներ, որոնք դրամահավաք են ուզում կազմակերպել մոլերում, իրենց չեն թույլատրում»։ Նշենք նաև, որ հուլիսի 1-ին Մաշտոցի պուրակում նախատեսված է դրամահավաք՝ Արմանին աջակցելու համար։