Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ Աթեշյանի անվտանգությունը հնարավոր չի լինի ապահովել ՀՀ-ում»

Քաղաքականություն
ateshyan

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մուտքը ՀՀ եւ նրա մասնակցությունը եկեղեցական խորհրդի նիստին ու Հռոմի Պապի այցին, աբսուրդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը: Ըստ նրա՝ անհամատեղելի է Արամ Աթեշյանի ներկայությունը ՀՀ-ում, հատկապես երբ հաշվի ենք առնում անցած տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ժամանակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասման արարողությունը. «Նա իր ներկայությամբ կպղծի այդ ամենը: Պետք է թույլ չտալ Արամ Աթեշյանի մուտքը ՀՀ. նա անմիջական հարվածի տակ է դնում եկեղեցին ու անհարմար վիճակի մեջ է դնում կաթողիկոսին, որը չի կարող ասել՝ արի կամ մի արի: Եթե նա ինքնասիրություն ունի, ապա չի գա ու չի պղծի»: Պարոն Ախոյանը նաեւ հիշեցրեց, որ կա նախաձեռնող խումբ, որին միացել են նաեւ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները եւ ընթանում է ստորագրահավաք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Պոլսում. «Նախաձեռնող խմբի անդամները հիմնականում ուսանողներ են, քաղաքական-հասարակական գործիչներ են, որին կմիանան նաեւ մտավորականներ: Սա պետության գործառույթների մեջ չի մտնում, սա զուտ քաղաքացիական հասարակության ու հոգեւոր հատվածի խնդիր է»: Նա նաեւ հայտարարեց, որ Արամ Աթեշյանը պետք է սուսուփուս իր դիմումի համաձայն գնա իր առեւտրով զբաղվի, մանավանդ որ ինքն ընդամենը փոխանորդ է: Ինչ նկատի ուներ պարոն Ախոյանը՝ բացատրում է. «Եվ քաղաքական, եւ բուն բիզնես առեւտրով է զբաղվում:  Բոլորդ էլ գիտեք, որ նա ունի անտիկվարի բիզնեսներ, բոլորդ էլ գիտեք, ուղղակի ինձ եք խոսացնում»: Իսկ մյուս բանախոս ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանն իր հերթին նշեց, որ անձամբ գրությամբ դիմել է Սրբազանին՝ մի քանի մտահոգիչ հարցերի վերաբերյալ. «Առաջին անգամ չէ, որ նման դրսեւորումներ կան. Բունդեսթագի հայտնի բանաձեւից հետո նման հակահայկական հայտարարությամբ հանդես գալը բոլորիս համար անընդունելի  է: Արամ Աթեշյանի վերաբերյալ միայն քաղաքական գնահատականներով չպետք է սահմանափակվենք, այլ իրականացնենք կոնկրետ գործողություններ»: ՎՍՀԴԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն այն կարծիքին է, որ պետությունը մեծ անելիք ունի այստեղ. «Եթե մենք երկար տարիներ շարունակ պայքարում ենք Ցեղասպանության ճանաչման համար, ապա այստեղ, իսկապես, մեծ անելիքներ ունենք, ու սա միայն եկեղեցու խնդիրը չէ: Պետք է հստակ գնահատականներ հնչեն՝ ինչո՞ւ է հոգեւոր հայրը նման գնահատականներ արտահայտել եւ այս պարագայում բացարձակ արդարացում չէր, որ միգուցե նրա վրա ճնշումներ են եղել»: Ըստ նրա՝ Արամ Աթեշյանի նման մի դավաճան փորձում է Ցեղասպանության ճանաչման եւ հայկական լոբբինգի մինչ օրս արված աշխատանքը ջուրը նետել, սակայն դա նրան չի հաջողվի. «Մի մարդով չեն կարող բան անել, նա իրավունք չունի հոգեւորական լինել: Վատիկանում անցած տարի տեղի ունեցած պատարագից հետո Արամ Աթեշյանի կողմից նման քայլերն ուղղակի սրբապղծություն են: Նա այլեւս չպետք է ոտք դնի Հայաստան, քանի որ նաեւ նրա անվտանգությունը հնարավոր չի լինի ապահովել»: