600 լրագրող է հավատարմագրվել՝ Հռոմի Պապի այցը լուսաբանելու համար
Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցը լուսաբանելու համար: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ Թվիթերի էջը։ Հիշեցնենք, Հռոմի Պապը Հայաստան կժամանի հունիսի 24-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այստեղ էլ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը կհանդիպի Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ այլ պաշտոնյաների՝ հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Հունիսի 25-ի երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և Էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Երևանից կմեկնի Հռոմ: