Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգոլայի քաղաքացին հատել է հայ-թուրքական սահմանը

Քաղաքականություն
images

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Անգոլայի քաղաքացու, որն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը, հաղորդում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, սույն թվականի հունիսի 15-ին իրավախախտը, լողալով, հատել է սահմանին գտնվող Արաքս գետը, ապա, օգտագործելով հատուկ գիտելիքներ, անցել է ազդանշանային համալիրի միջով և մի քանի տասնյակ մետր շարժվել սահմանի երկայնքով` փորձելով թաքցնել հետքերը: Որոշ ժամանակ անց օրինախախտը փորձել է ավելի խորը ներթափանցել Հայաստանի տարածք: Տեղի բնակիչները, լինելով ժողովրդական կամավոր ջոկատի անդամներ (ԺԿՋ), նկատել են անծանոթին և օպերատիվորեն հաղորդել սահմանապահներին։ Այդպես, ԺԿՋ անդամների ներդաշնակ գործողությունների արդյունքում, Երվանդաշատ բնակավայրի շրջանում անհայտ անձը ձերբակալվել և փոխանցվել է ռուս սահմանապահներին: «Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը պարզաբանել է, որ Անգոլայի քաղաքացի է, ծնվել է 1982 թ.-ին և մտադիր էր Հայաստանի տարածքով հասնել Անգոլա (Աֆրիկա մայրցամաք)», -  նշվում է հաղորդագրության մեջ: Զննության արդյունքում ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում նրա անձնական իրերն էին, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ ու Samsung ապրանքանիշի բջջային հեռախոս: Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրավախախտը մանրամասն ցույց է տվել բոլոր տեղանքները և այն, թե ինչպես է հաղթահարել ինժեներական արգելքները: Նույն օրը իրավախախտը, հաստատված կարգով, փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալված քաղաքացու վարկածը: «ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունն իր երախտիքն է հայտնում Երվանդաշատ բնակավայրի բնակիչներին, որոնք մասնակցել են իրավախախտի ձերբակալման գործողություններին, զգոն են և ակտիվ աջակցում են ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը», - նշվում է հաղորդագրության մեջ