Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի դեմս նոր օրենսգրքի՝ ցանկություն կա դատարկել տարածաշրջանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan

Հարկային նոր օրենսգիրքը, որն օրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց, ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի, քաղաքացիների եւ  տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է սարսափելի դժվար պայմաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մանրամասնեց. «Ես հասկանում եմ, որ հարկային օրենսգրքում հարաբերությունների կարգավորումը հետապնդում է մի նպատակ, որպեսզի մենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կենտրոնացնենք պետական գործառույթներն իրականացնելու համար, քանի որ պետական միջոցներն օգտագործվել են խիստ անարդյունավետ, ոչ ցանկալի ձեւերով: Ֆինանսական ռեսուրսների կենտրոնացումը ցանկալի է ցանկացած երկրի համար, բայց այն պետք է օղապարան չդառնա հասարակության եւ տնտեսական գործունեություն իրականացնողների համար, իսկ այս հարկային օրենսգիրքն այդպիսին է»: Տնտեսագետի խոսքով՝  Հարկային նոր օրենսգիրքը կազմված, եւ ինչ-որ տեղ նաեւ պարտադրված է միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ. «Իհարկե, նրանք չեն խոստովանում դա, բայց այնպիսի տպավորություն է, որ, ի դեմս նոր օրենսգրքի, ցանկություն կա դատարկել այս տարածաշրջանը»,-ասաց Բոստանջյանը: Ի դեպ, նա նշեց, որ օրենսգրքին դեմ են նաեւ շատ իշխանական պատգամավորներ. «Գոհ չեն, բայց կողմ են քվեարկում, քանի որ գիտեն, որ ներկայացված են ԱԺ-ում որպես իշխանության որոշումներին հավանություն տվող»,-եզրափակեց նա: