Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնում են Մոսկվայում հաշվետվություն անեն, նո՞ր գան. արքեպիսկոպոսի այցի մասին (տեսանյութ)

Հասարակություն
bayatyan

Պոլսո պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չպետք է գա Հայաստան. համոզված է պատմաբան Գեւորգ Յազըճյանը: «Ես խորհուրդ կտայի նա առհասարակ այս հողը չպղծեր, ամեն ինչ չափ ու սահման ունի: Նրա ֆիզիկական անվտանգությունը մեր իշխանություններն այս ընթացքում չեն կարող ապահովել: Նա իր գոյությունը թող քարշ տա Թուրքիայում:  Երբ նա կապաշխարի եւ  ներողություն կխնդրի հայ ժողովրդից, այլ բան է, գուցե կարողանանք նրան ներել: Բայց ինչ էլ լինի, պարոն Արթինի արածը բացահայտ աղանդավորություն է, Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումն արհամարհող այս մարդը ոչ այլ ինչ է, քան աղանդավոր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձեւի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: Ընդ որում՝ նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել էր, որ այդ բանաձևի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի և Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը: Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը նաեւ հաղորդել է, որ Ռուսաստան մեկնելուց հետո Աթեշյանը կժամանի Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի` հայաստանյան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին: «Եթե նա Հայաստան է գալիս Մոսկվայով, չեմ հասկանում ինչ է, Մոսկվան ինչ- որ հաշվետվության կենտրոն է, ինչ է, գնում են հաշվետվություն անե՞ն, նոր գան, չեմ հասկանում»,- ավելացրեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը: Արտավազդ Բայաթյանին զարմացնում է Արամ Աթեշյանի հայտարարությունը. «Եթե նա ինքնագլուխ  է արել, նշանակում է ինչ-որ բան անկառավարելի է: Նման կարգավիճակ ունեցող մարդիկ չեն կարող հայտարարություն անել, առանց համաձայնեցնելու իրենց վերադասների հետ: Եթե նա այսպիսի հայտարարություն է արել, թող գնա գրողի ծոցը, ավելի ճիշտ Էրդողանի ծոցը թող գնա, այդպես իրեն ավելի կսազի»,- ավելացրեց երգահանը: Պատմաբան Գեւորգ Յազըճյանին էլ զարմացնում է Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե նա Պոլսի Շիշլի թաղամասում իր 40 տարվա կուտակած գումարով բնակարան է գնել: «Այ սիրելիս, դու նախ իրավունք չունես գումար ունենալու եւ ոչ միայն դու: Նավասարդ կոչեցյալն էլ, Գարեգին կոչեցյալն էլ, Արամն էլ, Թորոսն էլ, Մարտիրոսն էլ: Որեւէ մեկը, որը հոգեւորական է, աղքատության երդում է տալիս։ Նշանակում է՝ նախ դուք կեղծավոր եք, աղքատության երդում եք տալիս, մյուս կողմից հարստություն եք կուտակում»,- ավելացրեց պատմաբանը: