Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդ»-ի լրագրողին բերման չենթարկեցին. լրացված

Կարևոր լուրեր Քաղաքականություն
armlur

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին բերման չենթարկեցին։ Այս մասին քիչ առաջ «Ա1+»-ին հայտնեց օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։ Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ armlur.am կայքում հրապարակում էր եղել այն մասին, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել: Նման որոշում, ըստ կայքի, կայացվել էր «Ժողովուրդ» օրաթերթի` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի`  Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Լրագրողին ուղարկված ծանուցագրում նշված չի եղել, թե նա ինչ կարգավիճակով է հրավիրվում։  «Մեր լրագրողին չէին կարող բերման ենթարկել, քանի որ նշված չէր կարգավիճակը. նա ոչ վկա է, ոչ տուժող»,-շեշտեց Թագուհի Թովմասյանը։ Լրագրողի բնակարանում է եղել նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը։ «Մեր աշխատակիցներն արդեն հետ են վերադառնում։ Կկազմվի արձանագրություն և մենք շուտով այն կտարածենք»,-նշեց ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը։ Քիչ առաջ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այս միջադեպին, նշել է. «armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»։ Նշենք, որ «Ժողովուրդ»-ի գլխավոր խմբագիրը ժամը 14.00-ին «Հայելի» մամուլի ակումբում հանդես կգա ասուլիսով՝ մեկնաբանելով այսօրվա միջադեպը։ 10. 56 ՌՈ-ն պատրաստվում է բերման ենթարկել լրագրողին Այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել: Գրում է armlur.com-ը։ Նման  որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Կայքը նշում է, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց: Ամբողջական հոդվածը՝  այստեղ