Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր մտավորականները չեն նեղանում Ռուսաստանից (տեսանյութ)

Քաղաքականություն
Gulanyan-Militonyan-nkar

Մեկնաբանելով օրերս Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ հնչեցրած բացասական որակումները, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Դա քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն էր, և նրանք սևեռվել էին զուտ Նժդեհի՝ Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության վրա»։ Հիշեցնենք, որ Զախարովան «անհասկանալի» էր համարել Երևանի կենտրոնում Նժդեհի արձանի տեղադրումը` անվոնելով նրան «նացիստ»։ «Վերցնել միայն Գերմանիայի հետ համագործակցությունը որպես պատրվակ և Արտգործնախարարի շուրթերով բարբառել, դա խիստ միակողմանի է։ Նա Զանգեզուրի, Ղարաքիլիսայի մարտերում է եղել։ Այս պատմությունները գուցե ռուսները չգիտեն էլ։ Մենք էլ ինչ-որ տեղ ունենք թերացումներ. մեր հերոսներին չենք կարողանում ներկայացնել աշխարհին ֆիլմերով, թարգմանական նյութերով»։ Պարոն Միլիտոնյանի խոսքով՝ մենք՝ հայերս, պետք է մեր պատասխանն ասենք Ռուսաստանին և շատ չհուզվենք, երբ մեզ ինչ-որ բան են ասում։ ընդհանուր առմամբ՝ մեր մտավորականները չեն նեղանում Ռուսաստանից։ Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ շեշտեց. «Մենք իրավունք ունենք ցանկացած հերոսի արձան դնելու»։ Նա պատմական էքսկուրս կատարեց՝ հիշելով Նժդեհի գործերն ու կարևորությունը հայ ժողովրդի համար։ «Նժդեհին տվեցին բոլոր հնարավորությունները, որպեսզի ինքը գծի Արևմտյան Հայաստանի քարտեզը.  որտեղից և ինչպես էր պետք հարձակվել։ Նա միակ մարդն էր, ով Արևմտյան Հայաստանը հրաշալի գիտեր։ Խորհրդային Միության իշխանություններին Գարեգին Նժդեհի անձը շատ թանկ էր և անհրաժեշտ։ Մի մարդ, որը երբեք ԽՄ բանակի դեմ գնդակ չի արձակել»։ Նա նույնպես հավասարակշռության կոչ արեց. «Ամեն ինչ պետք է հանգիստ տանել. մենք անկախ երկիր ենք։ Մենք մեր հերոսին մեծարում ենք հուշարձանով, փողոցով, հրապարակով։ Կարող է որևէ պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին, ինչ-ինչ բաներ դուր չգան այն պատճառով, որ չգիտեն՝ ով է Գարեգին Նժդեհը։ Այո, չգիտեն՝ ով է  Նժդեհը, եթե իմանային՝ այսպիսի խոսակցություն ընդհանրապես չէր լինի։ Ես հանգիստ եմ ընդունում, բնական եմ համարում ռուսական արձագանքը և չեմ նեղանում իրենցից միայն այն պատճառով, որ իրենք չգիտեն Նժդեհին»։